Ուրբաթ, 26 Հունիսի 2026 17:45
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 22-26-ը դոլարային գործարքներն սկսել են աճել, իսկ ռուբլով գործարքները՝ կրճատվել

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 22-26-ը դոլարային գործարքներն սկսել են աճել, իսկ ռուբլով գործարքները՝ կրճատվել

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքներն սկսել են աճել, իսկ ռուբլով գործարքները սկսել են կրճատվել: Եվրոյով գործարքներ արդեն չորս ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը 22,6% անկումից հասել է 78,6% աճի, իսկ ռուբլով գործարքների թրենդը շրջվել է հակառակ ուղղությամբ՝ 76,3% աճից դեպի 22,2% անկում։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռության վերականգնում ռուբլով գործարքների նկատմամբ՝ գրեթե 2 անգամ տարբերությամբ, մինչդեռ,  մեկ շաբաթ առաջ գերակշռում էին ռուբլով գործարքները՝ 1,3 անգամ առավելությամբ։

 

Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում ( 22-26.06.26՝ 15-19.06.26-ի համեմատ) դոլարի առքի անկումն արագացել է՝ վաճառքի միտման աճից դեպի անկում շրջադարձի պայմաններում, եւ նույնպիսի պատկեր է դիտվել նաեւ եվրոյով եւ ռուբլով գործարքներում, որոնց առքուվաճառքի միտումը ծավալվել է աճից դեպի անկում։

 

Արդյունքում, ս.թ. հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում դրամն աննկատ թուլացել է դոլարի նկատմամբ' 367,5-ից մինչև 367,8 դրամ/1դոլար, շարունակելով ամրապնդվել ինչպես եվրոյի նկատմամբ' 423,5-ից մինչև 420,3 դրամ/1եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,81-ից մինչև 4,40 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝  2025թ. հունիսի 26-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 384,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 446,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,86 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 4%-ով, 6%-ով և 9%-ով: