Երկուշաբթի, 29 Հունիսի 2026 15:43
Կարինա Մելիքյան

ԱրարատԲանկը հունիսի 29-ից սկսել է ընդհանուր 4 միլիարդ դրամ գումարի չափով դիվիդենդների վճարումը

ԱրարատԲանկը հունիսի 29-ից սկսել է ընդհանուր 4 միլիարդ դրամ գումարի չափով դիվիդենդների վճարումը

Արմինֆո.  «ԱրարատԲանկ» ԲԲԸ բաժնետերերը տարեկան ընդհանուր ժողովում որոշել են 2025 թվականին ստացված 11.7 միլիարդ դրամ ($30.7 մլն) զուտ շահույթից 4 միլիարդ դրամը ($10.5 մլն) ուղղել դիվիդենդների վճարմանը: Մնացած 7.7 միլիարդ դրամը ($20.2 մլն) մնում է բանկի տնօրինության տակ և կուղղվի դրա զարգացմանը: Այս որոշումն ընդունվել է հունիսի 24-ին կայացած ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում, համաձայն որի՝ դիվիդենդների վճարումը սկսվում է հունիսի 29-ին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին պարզաբանել են բանկից, այդ նպատակով նախատեսված գումարից կվճարվեն դիվիդենդներ՝ մեկ հասարակ անվանական բաժնետոմսի դիմաց 42.7%-ի չափով (ինչպես և 2024թ.-ին՝ 2023թ.-ի 26.7%-ի և 2012թ.-ի 4.65%-ի համեմատ): Նշենք, որ ԱրարատԲանկը վերսկսել է դիվիդենդների վճարումը 2021 թվականի արդյունքներով (այն ժամանակ՝ կուտակված շահույթից)՝ դրանից առաջ 7 տարով կասեցնելով այդ գործընթացը, քանի որ այդ պահին վերջին անգամ որոշում էր կայացվել բաժնետերերին դիվիդենդներ բաշխել 2013 թվականի արդյունքներով՝ բաժնետոմսի դիմաց 4.7%-ի չափով:

ԱրարատԲանկից հայտնել են նաև, որ 2025 թվականի արդյունքներով մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը (EPS) կազմել է 6248 դրամ (2024թ.-ի 6508 դրամի, 2023թ.-ի 5779 դրամի և 2012թ.-ի 2762 դրամի համեմատ): 2012-2025թթ. ընթացքում կապիտալի գրեթե 4.8 անգամ աճի արդյունքում զգալիորեն աճել է նաև մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը (3.3 անգամ՝ 2024թ.-ի 2.9 անգամի համեմատ)՝ 2025 թվականի արդյունքներով կազմելով 42.028 հազար դրամ (2024թ.-ի 37.275 հազար դրամի, 2023թ.-ի 31.657 հազար դրամի և 2012թ.-ի 12.883 հազար դրամի համեմատ):

Բանկի բաժնետիրական կապիտալը ներկայացված է 1,873,345 հասարակ անվանական բաժնետոմսերով, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը 5 հազար դրամ է (ինչպես և 2024թ.-ին): 2025 թվականին ԱրարատԲանկը, ինչպես և 2023-2024թթ.-ին, բաժնետոմսերի թողարկում չի իրականացրել: Դրանից առաջ՝ 2022 թվականի IV եռամսյակում, 2.8 միլիարդ դրամի ծավալով բաժնետոմսերի թողարկման արդյունքում կանոնադրական կապիտալը 16.8 միլիարդից ավելացել էր մինչև 19.6 միլիարդ դրամ՝ 2023 թվականի դրությամբ: Արդյունքում, բանկի ընդհանուր կապիտալը 2022 թվականին 39% աճից հետո շարունակել է ավելանալ երկնիշ տեմպերով, սակայն ավելի զուսպ. 2023թ.-ին՝ 13%-ով, 2024թ.-ին՝ 18.5%-ով, 2025թ.-ին՝ 12.8%-ով: 2026 թվականի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 78.7 միլիարդ դրամը: Դրա կառուցվածքում շահույթի բարձր մակարդակը, որին հաջողվել էր հասնել դեռևս 2022 թվականին, բանկին հաջողվել է պահպանել նաև 2025 թվականին: 2025 թվականին կապիտալի վրա աճողական ազդեցություն է ունեցել ոչ միայն շահույթի երկնիշ՝ 15.5% աճը, այլև արժեթղթերի վերագնահատման պահուստների զգալի՝ 3 անգամ աճը:

«Մենք արձանագրել ենք, որ ունենք բավականին հուսադրող ցուցանիշներ և կայուն աճ: Շատ ավելի կարևոր է առաջիկա տարիների տեսլականը՝ ուղղված մեր հաճախորդներին նոր, որակյալ ծառայությունների մատուցմանը: Այս առումով ես հատկապես ընդգծում եմ ԱրարատԲանկի զարգացումը նաև թվային ծառայությունների ավելի լայն շրջանակի շուրջ, և մեր հաճախորդները կարող են ակնկալել, որ մոտ ապագայում ԱրարատԲանկը հանդես կգա մի շարք նոր արտադրանքներով», - նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:

Խոսելով ԱրարատԲանկի նոր տեսլականի մասին՝ Աբրահամյանը նշել է. «Առաջիկա տարիներին Բանկի գործունեությունը կկենտրոնանա մի քանի ռազմավարական ուղղությունների վրա, որոնց թվում են կայուն ֆինանսական արդյունքների ապահովումը, հաճախորդների փորձառության շարունակական բարելավումը, թվային տրանսֆորմացիան, ռիսկերի կառավարման, համապատասխանության (քոմփլայենսի), կիբեռանվտանգության և օպերացիոն կայունության հետագա ամրապնդումը, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական զարգացումը»: Նշված առաջնահերթությունները կկանխորոշեն ԱրարատԲանկի զարգացման հետագա ուղղությունը՝ ավելի արդյունավետ, տեխնոլոգիական և հաճախորդամետ բանկ դառնալու ճանապարհին:

«ԱրմԻնֆո» լրատվական ընկերության կողմից պատրաստված Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի համաձայն՝ 31.12.2025թ. դրությամբ ԱրարատԲանկը առաջատար հնգյակին մոտ է դիրքավորվել ինչպես կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակով՝ 17.51%, այնպես էլ ակտիվների շահութաբերության մակարդակով՝ 2.81%: Բանկը ներառված է առաջատարների հնգյակում միջբանկային վարկավորման գծով, որի մասնաբաժինը նրա վարկային պորտֆելում կազմել է 10%: ԱրարատԲանկի վարկային պորտֆելում ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի մասնաբաժինը կազմում է ավելի քան 23% կամ շուրջ 70 միլիարդ դրամ: Հիփոթեքային վարկավորումը Բանկը տարվա ընթացքում ավելացրել է 8%-ով՝ հասցնելով գրեթե 38 միլիարդ դրամի, իսկ երեք տարվա կտրվածքով այս պորտֆելի աճը կազմել է 43.2%: «ԱրարատԲանկ» ԲԲԸ խոշոր բաժնետերերի մասնաբաժինները 2023 և 2024 թվականներին չեն փոփոխվել՝ պահպանվելով 2022թ. IV եռամսյակում իրականացված բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման արդյունքներով արձանագրված մակարդակում: Այն ժամանակ՝ լրացուցիչ թողարկումից հետո, «Ֆլեշ» ընկերության (Հայաստանի խոշորագույն նավթամթերք ներկրողներից մեկը) մասնաբաժինը նվազել էր 72.73%-ից մինչև 68.35%, Բարսեղ Բեգլարյանինը (հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության ղեկավար)՝ 22.62%-ից մինչև 21.37%, իսկ անուղղակի մասնակցություն ունեցող Սանասար Բեգլարյանի մասնաբաժինը, ընդհակառակը, 4.29%-ից բարձրացել էր մինչև 9.94%: Խոշոր բաժնետերերի այս մասնաբաժինները բանկի կապիտալում պահպանվել են նաև 2025 թվականին: Ընդհանուր առմամբ, «ԱրարատԲանկ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը ներկայացված է ՀՀ ռեզիդենտ 73 բաժնետերերով, որոնցից 72-ը ֆիզիկական անձինք են:

Հիշեցնենք, որ 2024 թվականի արդյունքներով ԱրարատԲանկը ստացված 12.2 միլիարդ դրամ ($31.6 մլն) զուտ շահույթից բաժնետերերին դիվիդենդների վճարմանը նույնպես ուղղել էր 4 միլիարդ դրամ ($10.4 մլն), իսկ մնացած 8.2 միլիարդ դրամը ($21.2 մլն) ուղղվել էր բանկի զարգացմանը: 2024 թվականին ԱրարատԲանկը բաժնետոմսերի թողարկում չի իրականացրել: