Երկուշաբթի, 29 Հունիսի 2026 21:10
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական գործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները։

 

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը, որի համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի հայկական բարձրորակ արտադրանքի ներկայության ընդլայնումը Եվրոպական միության երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի շուկայում։

 

Քննարկվել են նաև հայ արտադրողների և ֆրանսիական ընկերությունների միջև գործարար կապերի ակտիվացմանը, B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպմանը և հայկական արտադրանքի՝ ֆրանսիական շուկայում առաջմղմանն առնչվող հարցեր։

 

Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել է 45,2 տոկոսով ՝ կազմելով 1,058 մլրդ դոլար ։ Ընդ որում, արտահանումն աճել է 97,3 տոկոսով ՝ մինչև 355,7 մլն դոլար ՝ ներմուծման 28 տոկոս աճի ֆոնին ՝ մինչև 702,9 մլն դոլար։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի լիազոր մարմինները ՝ "Ռոսպոտրեբնադզորը" և "Ռոսսելխոզնադզորը", սահմանափակումներ են մտցրել Հայաստանից ԵԱՏՄ երկրների շուկաների ուղղությամբ գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների արտահանման վրա: Պատճառը, ինչպես ասվում էր գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրություններում,  հայտնաբերված խախտումներն էին։

 

Ընդ որում, թարմ գյուղմթերքի շուրջ 90 տոկոսը Հայաստանն ավանդաբար արտահանել է ռուսական շուկա ։ Հայ արտադրողների համար ստեղծված իրավիճակի և դժվարությունների պատճառով երկրի կառավարությունը մշակել է դեպի եվրոպական շուկաներ արտահանմանն աջակցության մի քանի ծրագրեր, ներառյալ տրանսպորտային ծախսերի և մաքսատուրքերի փոխհատուցումը: Բացի այդ, կես տարվա ընթացքում ֆերմերներն ազատված են վարկային պարտավորություններից ՝ իրացման նոր շուկաներ գտնելու նպատակով ։