Երեքշաբթի, 30 Հունիսի 2026 19:25
Ալինա Հովհաննիսյան

Էմիրաթական խոշոր շինարարական հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում խոշոր նախագծերի իրականացմամբ

Էմիրաթական խոշոր շինարարական հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում խոշոր նախագծերի իրականացմամբ

Արմինֆո. Trojan Construction Holding (ԱՄԷ) խոշոր շինարարական հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում խոշոր նախագծերի իրականացմամբ: Այդ մասին ասել է Trojan Construction Holding ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ահմեդ Ալ Շամսին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ժամանակ։

 

Կողմերը քննարկել են ներդրումային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր:

 

Քննարկելով քաղաքային թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման և քաղաքային միջավայրի բարեկարգման նախագծեր՝ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագիծը, որը, նրա խոսքով, կդառնա Երևանի նոր կենտրոնը:

 

Քաղաքապետը նշել է, որ Երևանի նկատմամբ միջազգային բիզնեսի աճող վստահությունը ևս մեկ անգամ վերահաստատում է մայրաքաղաքի դիրքերի հետևողական ամրապնդումը ՝ որպես ներդրումների, նորարարությունների և միջազգային համագործակցության գրավիչ կենտրոն:

 

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև "Պրոմենադ" համալիրի կառուցմանն ու Դալմայի այգիների տարածքի զարգացմանը, որոնք, ինչպես սպասվում է, նոր լիցք կհաղորդեն Երևանի հանրային տարածքների զարգացմանը՝ բնակիչների և զբոսաշրջիկների համար ստեղծելով ժամանակակից, հարմարավետ և գրավիչ միջավայր:

 

Ավինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ համայնքը բաց է համագործակցության համար՝ բոլոր այն ընկերությունների և ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են Երևանում փոխշահավետ նախագծերի իրականացմամբ:

 

Նշենք, որ Trojan Construction Holding-ը Արաբական Միացյալ Էմիրությունների և Պարսից ծոցի ողջ տարածաշրջանի խոշորագույն շինարարական հոլդինգներից մեկն է: Ընկերությունը հիմնված է Աբու Դաբիում և մտնում է Alpha Dhabi Holding ներդրումային հոլդինգի՝ ԱՄԷ-ի խոշորագույն դիվերսիֆիկացված հոլդինգներից մեկի կազմի մեջ ։

 

 Հոլդինգը մասնագիտանում է բնակելի և առևտրային օբյեկտների, երկնաքերերի, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների, հյուրանոցների, էներգետիկայի և արդյունաբերության օբյեկտների կառուցման մեջ: Ընկերությունը իրականացնում է ամբողջական ցիկլի նախագծեր՝ նախագծումից մինչև օբյեկտի "բանալիները հանձնելը"։

 

2026 թվականին Forbes Middle East ամսագիրը Trojan Construction Holding-ը ներառել է տարածաշրջանի խոշորագույն շինարարական ընկերությունների տասնյակում՝ այն դասելով 5-րդ տեղում։ Ընկերության հասույթը 2025 թվականի արդյունքներով կազմել է մոտ 3.8 մլրդ դոլար ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ 30%-ով։