Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026 11:02
Ալեքսանդր Ավանեսով

Հայ փորձագետը բարձրացնում է Հայաստանում IMEI համակարգի ներդրման նախագծին առնչվող մի շարք հարցեր

Հայ փորձագետը բարձրացնում է Հայաստանում IMEI համակարգի ներդրման նախագծին առնչվող մի շարք հարցեր

Արմինֆո. "Ամերիա" կառավարման խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը մի շարք հարցեր է բարձրացրել Հայաստանում IMEI համակարգի նախատեսվող ներդրման առնչությամբ, որի շուրջ քննարկումներ տեղի կունենան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում:

 

«Հարգելի՛ նախագծի հեղինակներ, հաշվի առնելով առաջարկվող կարգավորման կարևորությունը և այն հանգամանքը, որ այն վերաբերում է հարյուր հազարավոր քաղաքացիների, բջջային կապի օպերատորներին և հեռախոսների առևտրին, կարծում եմ՝ նպատակահարմար կլինի մինչև Ազգային ժողովում մանրամասն քննարկումների մեկնարկը հրապարակայնորեն պատասխանել մի շարք հիմնարար հարցերի։

 

Եթե այս հարցերի պատասխանները հայտնի լինեն նախապես, դա կարող է էապես կրճատել խորհրդարանական քննարկումների տևողությունը, բարձրացնել դրանց մասնագիտական մակարդակը և նպաստել ավելի հիմնավորված որոշումների կայացմանը։

 

Առաջարկում եմ պարզաբանել հետևյալ հարցերը.

1. Արդյո՞ք IMEI-ների պետական գրանցման համակարգի ներդրումը բխում է ԵԱՏՄ իրավունքի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որևէ պարտադիր ակտից։ Եթե այո, խնդրում եմ նշել այդ ակտի համարը և համապատասխան դրույթը։

2. Եթե նման պարտադիր ակտ գոյություն չունի, ապա ինչո՞վ է պայմանավորված հենց այս կարգավորման մոդելի ընտրությունը, և ինչո՞ւ չեն ընտրվել այլընտրանքային մոտեցումներ, այդ թվում՝ Եվրոպական միության բազմաթիվ երկրներում կիրառվող մոդելները։

3. Ե՞րբ է նախատեսվում IMEI-ի պետական գրանցումը՝ ներմուծման պահին, թե՞ միայն Հայաստանի ներքին շուկայում շրջանառության մեջ դրվելու պահին։ Եթե գրանցումը կատարվելու է ներմուծման պահին, ապա ինչպիսի՞ կարգավորում է նախատեսվում այն հեռախոսների IMEI-ների համար, որոնք չեն իրացվելու Հայաստանի ներքին շուկայում և հետագայում ամբողջությամբ կարտահանվեն կամ կվերաարտահանվեն։ Կմնա՞ն արդյոք դրանց IMEI-ները Հայաստանի պետական ռեեստրում, թե՞ նախատեսվում է դրանց դուրսբերման կամ հաշվառումից հանելու որևէ մեխանիզմ։

4. Եթե հեռախոսները ԵԱՏՄ միասնական մաքսային տարածք են ներմուծվել այլ անդամ պետության (օրինակ՝ Բելառուսի) միջոցով և այնուհետև օրինական կերպով տեղափոխվում են Հայաստան, ինչպե՞ս է աշխատելու առաջարկվող համակարգը։

5. Նախատեսվո՞ւմ է ԵԱՏՄ մակարդակով IMEI-ների միասնական ռեեստրի կամ տվյալների փոխանակման միասնական համակարգի ստեղծում։ Եթե այո, ապա ո՞ր փուլում է գտնվում այդ գործընթացը։

6. Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին տարիներին Հայաստան ներմուծվող բջջային հեռախոսների զգալի մասը հետագայում արտահանվում կամ վերաարտահանվում է։ Ունե՞ք գնահատական, թե ներմուծվող սարքերի IMEI-ների մոտավորապես քանի՞ տոկոսն է վերջնականապես օգտագործվում Հայաստանում, և քանի՞ տոկոսը՝ Հայաստանի սահմաններից դուրս։

7. Արդյո՞ք այսօր բջջային օպերատորները SIM/eSIM քարտի ակտիվացման պահին տեխնիկապես կապում են բաժանորդին տվյալ սարքի IMEI-ի հետ։ Եթե այո, ապա գործող մեխանիզմների համեմատ ի՞նչ լրացուցիչ արդյունք է ապահովելու IMEI-ների կենտրոնացված պետական ռեեստրի ստեղծումը։

8. Ունե՞ն արդյոք Հայաստանի բջջային օպերատորները տեխնիկական և իրավական հնարավորություն օգտվելու GSMA-ի Device Registry / IMEI Database համակարգից՝ ստուգելու սարքերի IMEI-ները և արգելափակելու միայն այն սարքերը, որոնք միջազգային տվյալների բազաներում նշված են որպես գողացված կամ ունեն անվավեր IMEI։ Եթե այո, արդյո՞ք այս տարբերակը գնահատվել է որպես հնարավոր այլընտրանք։

9. Եթե Հայաստանի օրինական վաճառողից հեռախոս գնելիս գնորդի անձնական տվյալները չեն կապակցվելու տվյալ սարքի IMEI-ին պետական տեղեկատվական համակարգում, ապա ինչպե՞ս է նախատեսվում վարվել այն սարքերի դեպքում, որոնք քաղաքացիները՝  ինքնուրույն են ներմուծել Հայաստան,  կամ ձեռք են բերել ԵԱՏՄ մեկ այլ անդամ պետությունում (օրինակ՝ Ղազախստանում) գրանցված իրավաբանական անձից՝ այդ երկրի տարածքում, որտեղ բոլոր մաքսային և հարկային ընթացակարգերն արդեն իսկ օրինական կերպով իրականացվել են,  կամ հետագայում այդ սարքերը օրինական կերպով տեղափոխել են Հայաստան՝ ԵԱՏՄ միասնական շուկայի շրջանակում։ Եթե ԵԱՏՄ մակարդակով IMEI-ների միասնական ռեեստր գոյություն չունի, և այդ սարքերի IMEI-ները Հայաստանի պետական ռեեստրում բացակայում են, ապա ինչպե՞ս է նախատեսվում ապահովել դրանց օրինական շրջանառությունը Հայաստանի ներքին շուկայում՝ առանց քաղաքացիների համար լրացուցիչ վարչարարական բեռ ստեղծելու։

10. Եթե Հայաստանը հրաժարվի IMEI-ների պետական գրանցման համակարգից, կարո՞ղ է դա որևէ կերպ սահմանափակել Հայաստանից բջջային հեռախոսների օրինական արտահանումը կամ վերաարտահանումը դեպի այն երկրները, որտեղ գործում են ազգային IMEI-ների գրանցման համակարգեր։ Եթե այո, խնդրում եմ ներկայացնել այդ կապի իրավական և տեխնիկական հիմնավորումը։

 

Կարծում եմ՝ այս հարցերի հրապարակային պարզաբանումը կարևոր է ոչ միայն օրինագծի բովանդակությունը գնահատելու, այլև հասկանալու համար, թե ինչ խնդիր է այն իրականում լուծում, ինչ այլընտրանքներ են քննարկվել և ինչու է ընտրվել հենց այս կարգավորման մոդելը։

 

P.S.

Կա ևս մեկ կարևոր հարց։

11. Եթե օրինագծի նպատակներից են նաև ստվերային շուկայի կրճատումը, օրինական առևտրի խթանումը և արդար մրցակցության ապահովումը, ապա արդյո՞ք Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը իրականացրել է բջջային հեռախոսների շուկայի ոլորտային ուսումնասիրություն (sectoral study), գնահատել է շուկայի մրցակցային կառուցվածքը, կենտրոնացվածության աստիճանը, հնարավոր գերիշխող դիրքերը կամ շուկայի մենաշնորհացման ռիսկերը և ներկայացրել է իր պաշտոնական եզրակացությունը։

 

Եթե նման ուսումնասիրություն իրականացվել է, խնդրում եմ հրապարակել այն։ Եթե չի իրականացվել, ապա ինչպե՞ս է գնահատվել առաջարկվող կարգավորման ազդեցությունը մրցակցության վրա և ինչպե՞ս է հիմնավորվել, որ այն չի հանգեցնի շուկայի հետագա կենտրոնացման, նոր մուտքի խոչընդոտների կամ մրցակցության սահմանափակման», - գրել է Տիգրան Ջրբաշյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել "IMEI-կոդերի գրանցման և վերահսկման պետական համակարգ ստեղծելու մասին" օրինագծին: Փաստաթղթի համաձայն, 2027 թվականի հունվարի 1-ից ֆիզիկական անձանց կողմից երկիր ներմուծված շարժական սարքերը պետք է գրանցվեն։ Գրանցման բացակայության դեպքում կապի օպերատորները կարող են հրաժարվել դրանք ցանցին միացնելուց: Համակարգի ներդրումն ուղեկցվում է գրանցման պետական տուրքով: Ընթացիկ կամ նախորդ տարում արտադրված սարքերի համար տուրքի չափը կկազմի 3000 դրամ, մինչդեռ, հին հեռախոսների գրանցումը կլինի անվճար: Միաժամանակ, մեկ անձի կողմից մեկ տարվա ընթացքում մի քանի նոր սարքերի ներկրման համար սահմանվում են ավելացված մաքսատուրքեր․ 2026 թվականին արտադրված մեկ անձի կողմից մեկ տարվա ընթացքում ներկրված երկրորդ և հաջորդ հեռախոսների համար՝ 100 000 դրամ, և 20 000 դրամ ՝ 2025 թվականին արտադրված երկրորդ և հաջորդ հեռախոսների համար։