Արմինֆո.Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հայտնում է նոր բացառիկ համագործակցության մեկնարկի մասին. GTB Development ընկերությունը պաշտոնապես դարձել է նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը։
Այս մասին հայտարարվեց հուլիսի 1-ին կայացած «Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգի մեկնարկին:
Գործընկերության հիմքում ընկած է ընդհանուր նպատակ՝ նպաստել դասական երաժշտության տարածմանը, իրականացնել նորարարական նախագծեր և պահպանել հայ դասական երաժշտարվեստի ժառանգությունը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է հրավիրել միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, դասական երաժշտության հասանելիության և տեսանելիության ընդլայնում հանրության տարբեր շերտերի համար, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ներկայացում միջազգային հարթակներում։
«GTB Holdings-ի հետ այս համագործակցությունը մեծ հնարավորություններ է բացում նվագախմբի ռազմավարական նպատակների իրականացման գործում։ GTB Holdings-ի հետ մենք արդեն ունենք հաջողված համագործակցության փորձ Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում, և մեր առջև դրված նպատակներն իրագործվեցին։
Հայ երաժշտարվեստի և մասնավոր հատվածի միջև այս երկարաժամկետ և եզակի գործընկերությունը կդառնա նվագախմբի զարգացման կարևոր փուլերից մեկը»,- նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը: