Ուրբաթ, 3 Հուլիսի 2026 12:46

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Արմինֆո. Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կապիտալի շուկայում իրականացնելու է 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով լողացող արժեկտրոնով պարտատոմսերի թողարկում։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի կապիտալի շուկայում իրականացվող հերթական ներդրումային նախաձեռնությունն է, որն ուղղված է տեղական արժույթով ֆինանսական գործիքների զարգացմանը, ֆինանսավորումների հնարավորությունների ընդլայնմանը և Հայաստանի ֆինանսական շուկայի խորացմանը։ Տեղաբաշխումը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)` աճուրդի միջոցով:

Թողարկման տեղաբաշխողն է Կոնվերս Բանկը, որը Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար դերակատարներից է և վերջին տարիներին իրականացրել է կորպորատիվ մի շարք պարտատոմսերի տեղաբաշխումներ։ ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը ևս մեկ կարևոր նախագիծ է Բանկի համար՝ ընդգծելով վերջինիս փորձառությունն ու մասնագիտացումը կապիտալի շուկայի գործարքների կազմակերպման և ներդրումային լուծումների ոլորտում։

Տվյալ պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնը՝ լողացող. այն կապված է ՀՀ 6 ամսական պետական պարտատոմսերի եկամտաբերության հետ, որը վերանայվելու է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ ապահովելով շուկայական պայմաններին համապատասխան եկամտաբերություն և ներդրողներին հնարավորություն տալով օգտվել տոկոսադրույքային միջավայրի փոփոխություններից։

ՎԶԵԲ-ի կողմից դրամային պարտատոմսերի թողարկումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ֆինանսական համակարգի համար։ Նման գործիքները նպաստում են դրամային կապիտալի շուկայի զարգացմանը, երկարաժամկետ ֆինանսավորման աղբյուրների ձևավորմանը և միջազգային ֆինանսական հաստատությունների մասնակցության ընդլայնմանը տեղական շուկայում։ Միաժամանակ, դրանք ներդրողներին առաջարկում են բարձր վարկանիշ ունեցող թողարկողի արժեթուղթ՝ շուկայական պայմաններին համապատասխան եկամտաբերությամբ։

Տեղաբաշխման ավարտից հետո նախատեսվում է պարտատոմսերը ներկայացնել AMX-ում ցուցակման, ինչպես նաև նախաձեռնել անհրաժեշտ գործընթացները՝ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործարքներում դրանց օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով։ Սա կարող է էապես բարձրացնել պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրումային գրավչությունը երկրորդային շուկայում։

Աճուրդին հնարավոր է մասնակցել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝

- +374 10 511 211
[email protected]
[email protected]