Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026 12:48
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ նախագահ․ փոքր երկրների մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների եւ ռիսկերի արդյունավետ կառավարման վրա

ՊԵԿ նախագահ․ փոքր երկրների մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների եւ ռիսկերի արդյունավետ կառավարման վրա

Արմինֆո. Փոքր երկրների մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների, ռիսկերի արդյունավետ կառավարման և պետություն–բիզնես ամուր գործընկերության վրա։ Այդ մասին հայտարարել է  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) նախաձեռնած «Նորացող աշխարհատնտեսական իրողություններ․ Հայաստանի տնտեսական դիմակայությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ։

Նրա ասելով՝  տեղի են ունեցել հետաքրքիր քննարկումներ համաշխարհային տնտեսության փոփոխվող պայմաններում Հայաստանի տնտեսական դիմակայության, արտահանման դիվերսիֆիկացման, առևտրի դյուրինացման, մաքսային ռիսկերի կառավարման և նոր շուկաներ մուտք գործող բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման շուրջ։ «Կոմիտեն մեծ ներդրումն ունի այս ուղղություններով՝ թիրախում ունենալով ձևավորել ժամանակակից մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, արտահանողների և ներմուծողների համար հարմարավետ թվային պլատֆորմներ, խելացի մաքսային վերահսկողության, տարբեր երկրների հետ ինտեգրված տվյալների փոխանակման և օրինապահ արտահանողների փոխճանաչման համակարգեր։ Համոզված եմ՝ փոքր պետության մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների, արդյունավետ ռիսկերի կառավարման և պետություն–բիզնես ամուր գործընկերության վրա։ Մեր նպատակն է, որ մաքսային ծառայողը դառնա ժամանակակից թվային տեխնոլոգիաներ կիրառող վերլուծաբան և ռիսկերի կառավարիչ, իսկ մաքսային մարմինը՝ արագ, թափանցիկ և արտաքին առևտրի զարգացմանը նպաստող ժամանակակից ինստիտուտ։ Նման մասնագիտական քննարկումների անցկացումը կարևոր հարթակ են փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացմանն ուղղված համատեղ լուծումներ գտնելու համար», - ասել է  Պեկ նախագահը։