Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026 18:17
Մարիաննա Մկրտչյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Պարսից ծոցի երկրների շուկաներում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Պարսից ծոցի երկրների շուկաներում

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։

 

Նախարարը կարևորել է դեսպանությունների աջակցությունը՝ հայկական արտադրողների և ներմուծողների, խոշոր առևտրային ցանցերի ու դիստրիբյուտորների միջև գործարար կապերի ամրապնդման գործում։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում, լոգիստիկ և տարանցիկ ուղղությունների զարգացումը, B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության այլ ուղղություններ։

 

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին, լսել նրանց առաջարկությունները՝ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսել է լայնածավալ սահմանափակումներ կիրառել Հայաստանից մատակարարումների վրա։ 2026 թվականի հունիսի 12-ից "Ռոսսելխոզնադզորն" ամբողջությամբ արգելել է Հայաստանից ՌԴ ներկրումը, ինչպես նաև "կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի" տարանցումը ՌԴ տարածքով։ Արգելքի տակ է հայտնվել ԵԱՏՄ շուրջ 130 անուն ապրանք, այդ թվում, գործնալանում,  ցանկացած միրգ, բանջարեղեն, ընկույզ, հատապտուղ, կանաչի, ինչպես նաև ծաղիկներ։ Բացի այդ, 2026 թվականի հունիսի 26-ից գերատեսչությունը կասեցրել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի սերտիֆիկացումն ու ներմուծումը ։