Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026 18:24
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Ինդոնեզիան քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանն ու Ինդոնեզիան քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի Հանրապետության արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնման, արդյունաբերական ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։

 

Նախարարն առաջարկել է դիտարկել արդյունաբերական գոտիների, ներդրումային ծրագրերի և համատեղ արտադրության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

 

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի իրականացումը կնպաստի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը, բեռնափոխադրումների դյուրացմանը և նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության զարգացման համար։

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում: Նրա խոսքով ՝ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին՝ 13 տոկոս ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ։ Վերջին 9 տարիներին վերամշակող արդյունաբերությունն աճել է 2 անգամ։