
Արմինֆո. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Դատախազությունը հիշեցնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին: Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝
75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում; 42 տրանսպորտային միջոց; 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք; 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցի դատաքննությունը շարունակվում է 2023 թվականից ՝ "Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին" ՀՀ օրենքի շրջանակներում: Գործում նոր փուլ է սկսվել 2026 թվականի հուլիսի 3-ին, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել "Արարատցեմենտ" գործարանի տարածքում, որից հետո ձեռնարկությունը փաստացի դադարեցրել էր աշխատանքը։
Գործարանի ղեկավարությունը հայտարարել է, որ արտադրական տարածքները կապարակնքվել են, իսկ հաշվապահության աշխատանքն ու արտադրանքի առաքումն արգելափակվել են: Հուլիսի 9-ին ձեռնարկության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել ՝ պահանջելով վերսկսել գործարանի աշխատանքը ։ Մի քանի ժամ անց իրավապահ մարմինների ներկայացուցիչները հնարավորություն են տվել վերսկսել գործարանի աշխատանքը։