
Արմինֆո.Հայաստանն ու Օմանը պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել Սուլթանության շուկա հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքի արտահանման հնարավորությունների զարգացման ուղղությամբ՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մամուլի ծառայությունը, վկայակոչելով Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության պատվիրակության այցի արդյունքները, որի ընթացքում ոլորտի մասնագետների հետ քննարկվել են Հայաստանի Հանրապետությունից Օմանի Սուլթանություն հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը, հյուրերի հետ քննարկելով ցամաքային ճանապարհով սեզոնային հայկական պտուղ-բանջարեղենի՝ դեղձի, ծիրանի, լոլիկի արտահանման պահանջները և այլ երկրներ պտուղ-բանջարեղենի արտահանման բարեհաջող փորձը, ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Տեսչական մարմնին ենթակա Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) կարողությունների մասին, որի հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից բարեհաջող արտահանել ներմուծող երկրի (օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների) շուկայի պահանջներին համապատասխանող բուսասանիտարական ենթահսկման ապրանքատեսականի:
Նշենք, որ մեկ օր առաջ ընկերության պատվիրակությունը քննարկումներ էր անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում։
Հիշեցնենք, որ "Ռոսսելխոզնադզոր"-ն այս տարվա մայիսից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանից կարանտինային վերահսկողության ենթակա բոլոր ապրանքների, այդ թվում ՝ բանջարեղենի, մրգերի, կանաչեղենի և չրերի ներմուծման նկատմամբ, ինչպես նաև կասեցրել է ՌԴ-ով տարանցումը ԵԱՏՄ երկրներ: Պաշտոնական պատճառը կարանտինային օբյեկտների հայտնաբերումն է ։