
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին այցելել է Արարատի ցեմենտի գործարան՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին, առկա հզորություններին և աշխատանքների ընթացքին։ Գործարանն ունի շուրջ 1000 աշխատակից, իսկ տարեկան դրվածքային հզորությունը կազմում է 1 մլն 200 հազար տոննա։
Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը նշել է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառավարմանը, և նախարարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան և արդյունավետ։ Նախարարի խոսքով՝ հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը։
«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը։ Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ ընդհակառակը, անհրաժեշտ է ապահովել արտադրության բնականոն ընթացքն ու բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է նախարարը։
Այցի ընթացքում նախարարը նաև ծանոթացել է գործարանի առջև ծառացած խնդիրներին և հանձնարարել դրանք համակողմանի ուսումնասիրել՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և արտադրության անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև 70-ից ավելի հասցեներում, այդ թվում ՝ Multi Group կոնցեռնի մեջ մտնող ընկերություններում: Քննչական գործողությունների ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե: Նրան մեղադրանք է առաջադրվել առերևույթ խարդախության և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու համար:
Նույն օրը դատարանի որոշմամբ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով։ Ծառուկյանն՝ ինքը, հերքում է առաջադրված մեղադրանքները, նշելով, որ տեղի ունեցողն իշխանությունների քաղաքական դրդապատճառներով ճնշում է։
Ձեռնարկություններում իրավապահ մարմինների կողմից իրականացված քննչական գործողություններից հետո վերջիններս կապարակնքվել են, այդ թվում ՝ "Արարատցեմենտը": Գործարանի աշխատակիցները հուլիսի 6-10-ը ակցիաներ էին անցկացնում ՝ պահանջելով վերսկսել գործարանի աշխատանքը։
Հուլիսի 10-ին ձեռնարկության տարածք է ժամանել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը: Ընկերության ղեկավարության հետ բանակցություններից հետո նա լրագրողներին հաղորդել է, որ գործարանը կվերսկսի աշխատանքը արդեն հաջորդ օրը, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել արտադրական գործունեության ընթացքում հնարավոր խնդիրների լուծմանը:
Արդեն հուլիսի 21-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ "Արարատցեմենտ" ձեռնարկությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը ՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության: