
Արմինֆո. Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են համատեղ էներգետիկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին ։ Ինչպես հաղորդում է իրանական MEHR պարբերականը, համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեհրանում Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման արդյունքում:
Փաքնեջադը Խուդաթյանին առաջարկել է հնարավորինս շուտ սկսել խմբի աշխատանքը, որպեսզի երկկողմ բանակցությունների արդեն հաջորդ փուլում հնարավոր լինի գնահատել կոնկրետ արդյունքները:
Ինչպես նշում է աղբյուրը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում հնարավոր նախագծերի լայն շրջանակ, այդ թվում ՝ երկկողմ առևտրի ընդլայնում, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանում, նավթավերամշակման գործարանների կառուցում, ինչպես նաև նավթամթերքի մատակարարում Հայաստան:
Նշելով, որ Հայաստանը դժվարին ժամանակներում աջակցել է Իրանին, Փաքնեջադը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ առկա տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում ամրապնդելու համագործակցությունը հյուսիսարևմտյան հարևանի հետ:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցությունը հիմնված է իրանական գազը հայկական էլեկտրաէներգիայի հետ փոխանակելու սխեմայի վրա: Միաժամանակ, ինչպես հայտնել է նախարարը, Իրանն առաջարկել է նոր առեւտրային մոդել, որն ուղղված է բնական գազի արտահանման ընդլայնմանը: