Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026 15:22
Ալինա Հովհաննիսյան

Մինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդ

Մինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդ

Արմինֆո. Ամերիաբանկի մանրածախ բանքինգի զարգացման ռազմավարությունը հիմնված է 3 հենասյուների վրա․ հաճախորդների բազայի ընդլայնում, բարձրակարգ սպասարկում և հաճախորդների համար թվային էկո-համակարգի ստեղծում: Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին նշել է Ամերիաբանկի մանրածախ բանքինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

 

Մասնավորապես, նա հաղորդել է, որ վերջին երկու տարվա ընթացքում բանկին հաջողվել է բազմապատկել հաճախորդների բազան եւ առաջին կիսամյակի արդյունքներով գերազանցել 900 հազար մարդու սահմանը: "Եւ մեր նպատակն է մինչեւ ընթացիկ տարվա վերջ այն հասցնել 1 մլն մարդու", - ասել է Բարսեղյանը:

 

Ընդհանուր առմամբ, հաճախորդների բազայի աճի նման տեմպերը, նրա կարծիքով, պայմանավորված են, առաջին հերթին, թվային հարթությունում հաճախորդների ակտիվությամբ։ Այս միջավայրում ակտիվ հաճախորդների աճը վերջին 5 տարիների ընթացքում կազմել է, միջին հաշվով, տարեկան  55%:

 

Միեւնույն ժամանակ, Բարսեղյանը տեղեկացրել է, որ մանրածախ հաճախորդներից ներգրավված գումարն առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դրամը։ Մանրածախ բանկային համակարգի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ պորտֆելում ավելի արագ են աճում դրամային ավանդներն ու ցպահանջ պարտավորությունները: "Դրամային ավանդների աճի նման տեմպերը մեծ նշանակություն ունեն, քանի որ հնարավորություններ են ստեղծում դրամային վարկավորման ծավալների ավելացման համար", - պարզաբանել է նա:

 

"Այս միտումը խոսում է նաեւ դոլարիզացման մակարդակի նվազման մասին. դա դրական միտում է, քանի որ այդպիսով մեր հաճախորդները գնալով ավելի քիչ են ենթարկվում արժութային ռիսկերի", - նշել է Բարսեղյանը: Բացի այդ, մանրածախ բանքինգի ղեկավարը նշել է, որ մասնաճյուղերի ցանցում սպասարկվում է հաճախորդների ընդամենը 1% - ը, իսկ մնացած գերակշռող թիվն օգտվում է թվային խողովակներից և հարթակներից, որոնք Ամերիաբանկն ակտիվորեն զարգացնում է:

 

Ընդ որում, մինչեւ տարեվերջ, Բարսեղյանի խոսքով, նախատեսվում է բացել երկու նոր մասնագիտացված մասնաճյուղ՝ "Persona" եւ "Premium" կարգի հաճախորդների համար։

 

Հիշեցնելով "Persona" փաթեթի մասին, որը բանկն ակտիվորեն զարգացնում է, Բարսեղյանը նշել է, որ խոսքը ոչ միայն զեղչերի եւ արտոնությունների մասին է, այլ նաեւ մարդկանց կյանքի որակի բարելավման եւ համապատասխան լուծումներ առաջարկելու մասին:

 

Մամուլի ասուլիսի ընթացքում մանրածախ բանկային համակարգի ղեկավարը նաև նշել է, որ մինչ օրս Ամերիաբանկի բիզնես-տրամաբանությունը կառուցվել է կոնկրետ հաճախորդի սպասարկման շուրջ: Ամերիաբանկն այժմ կկողմնորոշվի ընտանիքի կարիքներին: "Այլ կերպ ասած՝ մենք փորձում ենք բավարարել ոչ թե առանձին հաճախորդի, այլ ամբողջ ընտանիքի կարիքները ՝ սկսած դպրոցականներից, ուսանողներից, վերջացրած աշխատող ծնողների համար լուծումներով, և նրանց, ովքեր թոշակի են անցնում։ Այսպիսով, մենք անհատ հաճախորդից անցում ենք կատարում ընտանիքի հայեցակարգին, եւ այդ տրամաբանությամբ՝ առկա փաթեթներն ու ծառայությունները կընդլայնվեն", - հայտարարել է Բարսեղյանը։

Նա նաև ներկայացրել է հաճախորդների բազան ընդլայնելու ծրագրերը ՝ ընդգրկելով ոչ ռեզիդենտներին, մասնավորապես, Սփյուռքի ներկայացուցիչներին: Այս կապակցությամբ Ամերիաբանկը նոր փաթեթներ է մշակում հաճախորդների այդ խմբի համար: "Նոր տեխնոլոգիաների զարգացումը մեզ թույլ է տալիս նոր լուծումներ առաջարկել նրանց", - պարզաբանել է Բարսեղյանը:

 

Հիշեցնենք, որ Ամերիաբանկը Հայաստանի առաջատար ֆինանսատեխնոլոգիական հաստատությունն է և կարևոր դեր է խաղում երկրի տնտեսությունում: Թվային փոխակերպման ռազմավարության շրջանակներում բանկը ներդնում և մշտապես կատարելագործում է շուկային յուրահատուկ պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք կոչված են բավարարելու հաճախորդների ֆինանսական և ոչ ֆինանսական պահանջները: Հանդիսանալով դինամիկ զարգացող ֆինտեխ-միջավայր՝ Ամերիաբանկն առաջարկում է կյանքի որակի բարելավման համալիր լուծումներ: