Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026 14:44
Ալեքսանդր Ավանեսով

Հարկային արտոնությունները պետք է դիտարկել որպես պետական ծրագրեր՝ հստակ նպատակներով և չափելի արդյունքներով․ Ջրբաշյան

Հարկային արտոնությունները պետք է դիտարկել որպես պետական ծրագրեր՝ հստակ նպատակներով և չափելի արդյունքներով․ Ջրբաշյան

Արմինֆո Հարկային արտոնությունները պետք է դիտարկել ոչ թե որպես, պարզապես, հարկային «զիջումներ», այլ որպես պետական ծրագրեր՝ հստակ նպատակներով և չափելի արդյունքներով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ամերիա" ընկերությունների խմբի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը: 

 

«Հարկային արտոնությունների մասին սովորաբար հարցնում ենք՝ դրանք լավ են, թե վատ։ Բայց իրականում սա երկրորդական հարց է։

 

Հիմնական խնդիրը այլ է՝ պետությունը գիտե՞ դրանց իրական արժեքը և ազդեցությունը, թե ոչ։

Այս հարցին է անդրադառնում Global Tax Expenditures Transparency Index (GTETI)-ն՝ առաջին համեմատական հետազոտությունը, որը չի գնահատում հարկային քաղաքականությունը «ճիշտ/սխալ» տրամաբանությամբ, այլ կենտրոնանում է մեկ բանի վրա՝ որքան թափանցիկ են և որքան արդյունավետ են կառավարվում հարկային արտոնությունները։

 

GTETI-ն դիտարկում է՝  արդյոք տվյալները հրապարակվում են;  կա՞ պատասխանատու ինստիտուցիոնալ համակարգ;  կիրառվո՞ւմ է միասնական մեթոդաբանություն;  որքան մանրամասն են տվյալները;  և ամենակարևորը՝ գնահատվո՞ւմ է արտոնությունների իրական ազդեցությունը։

 

Հայաստանի դեպքում պատկերը հստակ երկակի է․ հաշվառման և հրապարակման համակարգ կա, բայց արդյունավետության գնահատումը դեռ թույլ է զարգացած։ Այսինքն՝ մենք հիմնականում գիտենք «որքա՞ն արժեցավ», բայց ոչ միշտ՝ «արդյո՞ք աշխատեց»։

 

Սա առանցքային խնդիր է հարկաբյուջետային քաղաքականության համար․ հարկային արտոնությունները պետք է դիտարկել ոչ թե որպես պարզապես հարկային «զիջումներ», այլ որպես պետական ծրագրեր՝ հստակ նպատակներով և չափելի արդյունքներով։

 

Միևնույն ժամանակ կարևոր է չգնալ պարզեցված մոտեցման՝ պարզապես կրճատել կամ վերացնել արտոնությունները առանց գնահատման․ դա կարող է վնասել թե՛ ներդրումային միջավայրին, թե՛ արդյունավետ ծրագրերին։

 

Ուստի հիմնական եզրակացությունը պարզ է․ խնդիրը ոչ թե հարկային արտոնությունների գոյությունն է, այլ դրանց չափելիությունը, ազդեցության գնահատումը և հիմնավորված վերանայումը», - գրել է Տիգրան Ջրբաշյանը։