
Արմինֆո.Օգոստոսի 11-ին "APRI Armenia" վերլուծական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում փորձագետ Սերգեյ Մելքոնյանը ներկայացրել է տարածաշրջանային կապակցվածության և TRIPP նախագծի վերաբերյալ կենտրոնի նոր զեկույցը:
Փորձագետի ասելով՝ նախագիծն ունի ավելի շուտ աշխարհաքաղաքական, քան տնտեսական նշանակություն, ինչը հաստատվում է կոնկրետ հաշվարկներով։ "Մենք հաշվարկել ենք, թե որքան գումար կարող է վաստակել Հայաստանը, եթե տեղի ունենա Հարավային Կովկասի համընդհանուր ապաշրջափակում, և ինչ կփոխվի ֆինանսական տեսանկյունից, եթե Հայաստանի համար իրականացվի միայն TRIPP ծրագիրը։ Օրինակ, եթե իրականացվի միայն այս ծրագիրը, ապա Հայաստանի համար օգուտը կկազմի տարեկան մոտ 23 մլն դոլար, ինչն այնքան էլ շատ չէ։ Իսկ եթե տեղի ունենա Հարավային Կովկասի համընդհանուր ապաշրջափակում, ապա այդ թիվը կավելանա մինչև տարեկան մոտ 388 մլն դոլար։ Այսինքն ՝ տարբերությունը կկազմի մոտ 16 անգամ։ Բայց, եթե համեմատենք տարածաշրջանի այլ երկրների հետ, օրինակ՝ Ադրբեջանի, ապա այնտեղ նման տարբերություն չկա։ Օրինակ, TRIPP-ի դեպքում Ադրբեջանը տարեկան կստանա մոտ 230 մլն դոլար, իսկ համընդհանուր ապաշրջափակումից ՝ 329 մլն դոլար, այստեղ տարբերությունը մեծ չէ ՝ մոտ 1,4 անգամ։ Այդ պատճառով մենք գալիս ենք այն եզրակացության, որ Ադրբեջանի համար համընդհանուր ապաշրջափակումն այնքան էլ չի տարբերվում TRIPP-ից, իսկ մեզ համար այն էապես տարբերվում է", - ասել է Մելքոնյանը։
Փորձագետն ընդգծել է, որ միայն TRIPP-ը բավարար չէ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու համար։ Երկրին անհրաժեշտ է երկաթուղային հաղորդակցություն Միջերկրական ծովի և Պարսից ծոցի հետ, ինչը ենթադրում է բոլոր հաղորդակցությունների բացում ։ "Այդ դեպքում անհրաժեշտ է բացել նաև այլ հաղորդակցություններ, մասնավորապես, խոսքը երկաթուղու մասին է, որն առայժմ օրակարգում չէ ։ Բայց, նույնիսկ, Վաշինգտոնի համաձայնագրում կա "փոխադարձ շահի" մասին արտահայտություն, ինչը նշանակում է, որ եթե TRIPP-ը տեղի ունենա, ապա այլ ճանապարհներ նույնպես պետք է բացվեն: Բայց մենք առայժմ ոչ մի լուրջ քայլ կամ քաղաքական լուծում չենք տեսնում այդ ուղղությամբ", - ասել է Սերգեյ Մելքոնյանը, մտահոգություն հայտնելով հնարավոր սցենարի վերաբերյալ, որի դեպքում կիրականացվի միայն TRIPP-ը, իսկ մնացած ճանապարհները կամ փակ կմնան, կամ կբացվեն այնպես, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարողանա միակողմանի փակել դրանք։
Փորձագետի կարծիքով՝ միայն TRIPP-ի վրա ուշադրություն կենտրոնացնելը կարող է լեգիտիմացնել Հայաստանի շրջափակման նոր ձեւաչափը, մինչդեռ, տարածաշրջանում կա ենթակառուցվածք, որը կարելի է օգտագործել հենց հիմա՝ չսպասելով նոր նախագծերի ավարտին: