
Արմինֆո.Հայկական ատոմակայանը (ԱԷԿ) ունի շահագործման ժամկետ, սակայն այդ ժամկետը չի սահմանում աշխարհի ոչ մի կառավարություն, քանի որ ԱԷԿ-ն ունի շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետ, որը սահմանված է մինչև 2036 թվականը: Այդ մասին օգոստոսի 12-ին ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայկական ԱԷԿ-ը պետք է փակվի։
"Ով ինչ ուզում է, կարող է խոսել։ Եթե Ալիևն, օրինակ, ասի, որ ծխելը վնասակար է, ուրեմն մենք համատարած պետք է սկսենք ծխե՞լ", - հարցրել է նա։
Պատգամավորը նշել է, որ շահագործման ժամկետը սահմանված է համապատասխան փաստաթղթերով:
Եղոյանը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ դիտարկում են նոր ատոմակայանի կառուցման հարցը, ինչի առնչությամբ բանակցություններ են ընթանում մի շարք միջազգային գործընկերների հետ: Ավելին, ըստ նրա, Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված 2017 թվականի համաձայնագրում կա դրույթ, որի համաձայն, գործող ԱԷԿ-ը պետք է փոխարինվի նույն հզորության կայանով: "Այսինքն՝ ոչ թե փաստաթուղթն է սահմանում ժամկետները, այլ արդեն իսկ եղած ժամկետն իր արտացոլումն է գտել համաձայնագրում", - նշել է Եղոյանը։
Հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում էներգառեսուրսների մատակարարման շուրջ, կառավարող ուժի ներկայացուցիչը միայն նշել է, որ որքան շատ են էներգառեսուրսների արտահանման և ներմուծման աղբյուրները, որքան շատ են դրա հնարավորությունները և բաց ճանապարհները, այնքան ավելի լավ Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ երկարաձգման երկրորդ ծրագրին ՀՀ կառավարությունը պետբյուջեից հատկացրել է 63,2 մլրդ դրամ։ Մինչև 2036 թվականը երկրում պետք է կառուցվի նոր ատոմային բլոկ ։ Երկրի իշխանությունները հակված են փոքր մոդուլային ռեակտորով կայանի կառուցման անհրաժեշտությանը։ Ներկայումս ուսումնասիրվում են հինգ երկրների առաջարկները, որոնց թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Հարավային Կորեան և Ֆրանսիան: Սակայն, ելնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, ով տեղեկացրել է, որ Հայաստանում գործող ԱԷԿ-ը հնարավորություն ունի աշխատել մինչև 2046 թվականը, կարելի է եզրակացնել, որ նոր ԱԷԿ-ի հարցը Հայաստանի համար հետաձգվում է:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Հայկական ԱԷԿ-ը վաղ թե ուշ պետք է փակվի: Նա նշել է, որ կայանը հնացել է և պոտենցիալ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Ալիևը նաև նշել է, որ ադրբեջանական և թուրքական կողմերը բազմիցս մտահոգություն են հայտնել այդ առնչությամբ՝ տարբեր միջազգային հարթակներում:
"Ատոմակայանի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, և վաղ թե ուշ կայանը պետք է փակվի ։ Այդ դեպքում Հայաստանը կարող է բախվել էներգետիկ լուրջ ճգնաժամի, ուստի էներգամատակարարման լրացուցիչ աղբյուրի առկայությունը նրա համար շահավետ կլիներ", - նշել է նա։