Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026 16:00

Հայաստանի ԿԲ-ը փոփոխություններ է կատարել էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման մեջ

Հայաստանի ԿԲ-ը փոփոխություններ է կատարել էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման մեջ

Արմինֆո.  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման փոփոխություններ՝ ուղղված առավել արդյունավետ և մրցակցային միջավայրի ձևավորմանը:

ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն, կատարած փոփոխություններով հանվել է էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ (դրամապանակ) բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալու պարտադիր պահանջը։ Միաժամանակ հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվների լիցքավորումն ու մարումն իրականացնել ոչ միայն անկանխիկ, այլ նաև կանխիկ եղանակով:

 

Նոր մոտեցմամբ հաճախորդների նույնականացումը կիրականացվի գործող օրենսդրությամբ սահմանված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի համաձայն՝ ապահովելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների լիարժեք պահպանումը:

Նոր կարգավորման արդյունքում հաճախորդների համար էականորեն պարզեցվում է էլեկտրոնային փողի օգտագործումը․ այն դառնում է ավելի արագ և հարմար՝ հատկապես այն անձանց համար, ովքեր չեն օգտվում բանկային հաշիվներից կամ վճարային քարտերից։

Վճարահաշվարկային կազմակերպությունների համար ձևավորվում է ավելի մրցակցային և հավասար դաշտ․ նրանք հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց ծառայությունների շրջանակը, նվազեցնել գործառնական կախվածությունը բանկային ենթակառուցվածքներից։

Առաջարկվող փոփոխությունների նպատակն է․ ընդլայնել էլեկտրոնային փողի օգտագործման հասանելիությունը; ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ֆինանսական կազմակերպությունների համար; խթանել նորարարական վճարային լուծումների զարգացումը:

 

Կենտրոնական բանկն ակնկալում է, որ փոփոխությունների արդյունքում կավելանա էլեկտրոնային փողի կիրառման տարածվածությունը, կբարելավվի շուկայում մրցակցությունը և կձևավորվի առավել արդյունավետ և ներառական վճարային միջավայր: