Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026 09:31

Կապիտալի շուկա է մուտք գործել վերականգնվող էներգետիկայի ոլորտում հայկական առաջատար ընկերությունը՝ "Սոլիս" ՓԲԸ-ն

Կապիտալի շուկա է մուտք գործել վերականգնվող էներգետիկայի ոլորտում հայկական առաջատար ընկերությունը՝ "Սոլիս" ՓԲԸ-ն

Արմինֆո.Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակվող ընկերությունների շրջանակը շարունակում է ընդլայնվել՝ նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանն ու ընկերությունների համար նոր հնարավորությունների ձևավորմանը։

AMX-ի հաղորդագրության համաձայն, այսօր կապիտալի շուկա է մուտք գործում Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ին պատկանող «Սոլիս» ՓԲԸ-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործող ընկերություն, որի հիմնական գործունեությունը ֆոտովոլտային արևային էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքն է։ Ընկերության ներկայությունը կապիտալի շուկայում կնպաստի Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի և ֆինանսական շուկայի միջև կապերի հետագա ամրապնդմանը։

 

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) տեղի ունեցած ավանդական զանգի հնչեցման արարողությամբ պաշտոնապես ազդարարվեց «Սոլիս» ՓԲԸ-ի մուտքը կապիտալի շուկա՝ նշանավորելով ընկերության համար զարգացման նոր փուլ։

 

Ներդրողներն օգոստոսի 18-ից արդեն հնարավորություն կունենան «Սոլիս» ՓԲԸ-ի պարտատոմսերը գնել կամ վաճառել բորսայում բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերությունների միջոցով։ 

 

«Սոլիս» ՓԲԸ-ի՝ 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսերը կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։ Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ 

 

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը 2026 թվականի հունիսի 4-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։

 

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. «Սոլիս ընկերության մուտքը կապիտալի շուկա նշանակալի քայլ է ոչ միայն ընկերության հետագա զարգացման, այլև կապիտալի շուկայում ոլորտային դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Այս ցուցակմամբ ներդրողների համար հասանելի է դառնում նոր ոլորտ և ներդրումային նոր հնարավորություն, իսկ բորսան, իր հերթին, շարունակում է ընդլայնել ցուցակվող ընկերությունների ոլորտային բազմազանությունը։

 

Վստահ ենք, որ «Սոլիս»-ի ցուցակումը ոչ միայն կնպաստի ընկերության հետագա աճին, այլև օրինակ կծառայի այլ բիզնեսների համար՝ խթանելով նրանց հետաքրքրությունը կապիտալի շուկայի նկատմամբ և նպաստելով ներդրումային միջավայրի ակտիվացմանը»։

 

«Սոլիսի համար կապիտալի շուկա մուտք գործելը կարևոր քայլ է ընկերության զարգացման ճանապարհին։ Այսօր վերականգնվող էներգետիկայի ոլորտը կարող է ոչ միայն նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանն ու կայուն զարգացմանը, այլև դառնալ կապիտալի շուկայի համար երկարաժամկետ և ինստիտուցիոնալ ներդրումային ուղղություն։ Մեր պարտատոմսերի նկատմամբ ներդրողների բարձր հետաքրքրությունը և թողարկման նախատեսված ժամկետից շուտ ամբողջական տեղաբաշխումը վստահության կարևոր ազդակ է մեզ համար։ Վստահ ենք, որ Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացումը կարող է նոր ֆինանսավորման հնարավորություններ ստեղծել իրական տնտեսության, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի համար և աջակցել նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը», - նշել է «Սոլիս» ՓԲԸ-ի  տնօրեն Կարեն Արաբյանը:

 

«Սոլիսի պարտատոմսերի թողարկումը կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայում դիվերսիֆիկացիայի և նոր ներդրումային հնարավորությունների ձևավորման տեսանկյունից, քանի որ արևային էներգիայի արտադրության ոլորտը դեռևս բավարար չափով ներկայացված չէ կապիտալի շուկայում։ Ոլորտն առանձնանում է ֆինանսական հոսքերի կայունությամբ և կանխատեսելիությամբ և շատ գրավիչ է հատկապես ֆիքսված եկամուտով գործիքների շուկայի համար: Կարծում ենք՝ երկրորդային շուկայում ևս Սոլիսի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը բարձր կլինի, հատկապես ցածր ռիսկայնությամբ ներդրումային հնարավորություններ փնտրող ներդրողների շրջանում»,- նշել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը:

 

«Սոլիս» ընկերության արևային էլեկտրակայանները տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում՝ ձևավորելով աշխարհագրորեն հավասարակշռված պորտֆել և նպաստելով երկրի տարբեր հատվածներում կայուն ու մաքուր էներգիայի արտադրությանը։ Ընկերության գործունեությունն ուղղված է Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը՝ ինստիտուցիոնալ վերահսկողության, մասնագիտական կառավարման և երկարաժամկետ ներդրումային մոտեցման միջոցով։ Ժամանակակից տեխնոլոգիաների և առաջադեմ սարքավորումների կիրառմամբ ընկերությունը կառուցում, տնօրինում և երկարաժամկետ շահագործում է արևային էլեկտրակայաններ, որոնք ապահովում են արդյունավետ, հուսալի և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն:

 

Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների շուրջ 75%-ը ընկերությունը նախատեսում է ուղղել գործող վարկերի վերաֆինանսավորմանը, իսկ 25%-ը՝ կապիտալ ծախսերին և գործունեության ընդլայնմանը։

 

Բորսան շարունակելու է աջակցել պատասխանատու և թափանցիկ ընկերությունների ներգրավմանը շուկա՝ ձևավորելով վստահելի ներդրումային միջավայր և խթանելով իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։