
Արմինֆո. Հայաստանում կվերանայվի օտարերկրյա քաղաքացիների կողմից հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի փոխհատուցման նվազագույն շեմը: Այդ մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 3-ին ՀՀ կառավարության նիստում։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող դրույթի համաձայն, ԱԱՀ-ի փոխհատուցումը հնարավոր է, եթե մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն շեմը՝ 50 հազար դրամը: Ներկայումս գործընթացը կազմակերպվում է պետական կառավարման համակարգի միջոցով ՝ մաքսային և ֆինանսական մարմինների մասնակցությամբ, ինչը ենթադրում է փաստաթղթաշրջանառություն, համեմատաբար երկար ժամկետներ և սահմանափակ թվայնացում: Միևնույն ժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ անմաքս առևտրի համակարգերի արդյունավետությունը մեծապես կախված է գնման նվազագույն շեմից և կառավարման մոդելից: Մասնավորապես, Իսպանիայում նվազագույն շեմը բացակայում է, Ուրուգվայում այն 13 եվրո է, Կոլումբիայում ՝ մոտ 30 եվրո, Ճապոնիայում ՝ մոտ 35 եվրո, Դանիայում ՝ մոտ 40 եվրո, Նիդերլանդներում, Բելգիայում և Գերմանիայում ՝ մոտ 50 եվրո, Սինգապուրում ՝ մոտ 70 եվրո, Ավստրիայում ՝ մոտ 75 եվրո, Ֆրանսիայում ՝ մոտ 100 եվրո ։ Վերոգրյալից երևում է, որ Հայաստանի ներկայիս շեմը, որը համարժեք է 120 եվրոյին, ավելի բարձր է, քան շատ մրցակից զբոսաշրջային ուղղություններով կիրառվող շեմերը, ինչը զգալիորեն սահմանափակում է համակարգի մատչելիությունն ու արդյունավետությունը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բարձր շեմը նվազեցնում է փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավվածությունը, սահմանափակում զբոսաշրջիկների համար ապրանքների վաճառքը, նվազեցնում գործարքների քանակը: Օրինակ, Նիդերլանդներում 150 եվրոյից մինչև 50 եվրո շեմի իջեցումը հանգեցրել է անմաքս գործարքների քանակի զգալի աճի, իսկ որոշ երկրներում վաճառքները կրկնապատկվել են և, նույնիսկ, եռապատկվել: Բացի այդ, գոյություն ունեցող համակարգում ԱԱՀ-ի վերադարձման գործընթացի կառավարման միայն պետական մոդելը սահմանափակում է դրա արդյունավետությունն ու գրավչությունը զբոսաշրջիկների համար: Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդել, այդ թվում ՝ մասնավոր հատվածի (լիազորված օպերատորի) մասնակցությամբ, որի շրջանակներում վերանայվում է կիրառել մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքի նվազագույն շեմը, ինչն ապահովում է գործընթացի թվայնացումը և արագացումը:
Միաժամանակ, առաջիկայում նախատեսվում է քննարկել գործող կանոնակարգով սահմանված սահմանափակումներն ամբողջությամբ վերացնելու հարցը ՝ Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով ոչ ավելի, քան տարեկան երկու անգամ մեկնելու դեպքում օտարերկրացուն ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման, ինչպես նաև 350 հազար դրամը չգերազանցող հատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի վերաբերյալ: Բայց դա տեղի կունենա այն դեպքում, եթե փաստացի տվյալները ցույց տան, որ նման սահմանափակումների անհրաժեշտությունն այլևս գոյություն չունի։
Նախագծով առաջարկվում է նախատեսել լիազոր օպերատորին ԱԱՀ-ի փոխհատուցման գործընթացում ներգրավելու հնարավորություն, վերանայել լիազոր օպերատորի միջոցով ԱԱՀ-ի փոխհատուցման համար սահմանված գնման նվազագույն շեմը ՝ այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին, ապահովել համակարգի ամբողջական թվայնացումն ու պարզեցումը: Նախատեսվում է, որ ԱԱՀ-ի փոխհատուցման համակարգի օպերատոր կդառնա միջազգային փորձ ունեցող կազմակերպությունը, որը պարտավորվում է ամբողջությամբ թվային համակարգը ներդնել և շահագործել սեփական միջոցների հաշվին: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման մոդելն ավելի արդյունավետ է, այն ապահովում է միջոցների վերադարձման արագ և պարզ գործընթաց, նվազեցնում է պետական մարմինների վարչական ծանրաբեռնվածությունը, բարձրացնում ծառայությունների որակը և մատչելիությունը: Միևնույն ժամանակ, մասնավոր օպերատորի ներգրավումը թույլ կտա բարձրացնել համակարգի արդյունավետությունը ՝ համեմատած ամբողջությամբ պետական կառավարման մոդելի հետ ։