
Արմինֆո. 2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2026) աշխատանքների հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, նախատեսված ժամանակացույցի համաձայն, Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է Հայաստանի Հանրապետության միասնական էներգահամակարգին։
ՀԱԷԿ-ի հաղորդագրության համաձայն, էներգաբլոկի վերագործարկումն իրականացվել է սահմանված տեխնոլոգիական ընթացակարգերին համապատասխան՝ անհրաժեշտ ստուգումների և փորձարկումների հաջող ավարտից հետո։
ՊՆՎ-2026-ի շրջանակում իրականացվել է շուրջ 20 համալիր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի հիմնական համակարգերի և սարքավորումների հուսալիության բարձրացմանը, դրանց շահագործման ժամկետների երկարացմանը, ինչպես նաև անվտանգության մակարդակի շարունակական կատարելագործմանը։
Վերանորոգման ընթացքում կատարվել են հիմնական և օժանդակ սարքավորումների պլանային տեխնիկական սպասարկման, վերանորոգման, արատորոշման և ստուգման աշխատանքներ։ Միաժամանակ շարունակվել են տեխնիկական արդիականացման ծրագրերը, որոնք միտված են էներգաբլոկի անվտանգ, կայուն և արդյունավետ շահագործման ապահովմանը։
ՊՆՎ-2026-ի շրջանակում նախատեսված աշխատանքների կատարումը կազմակերպվել է նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վերահսկման ներքո:
Ներկայում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով։ Հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան՝ անվտանգության և հուսալիության բոլոր չափանիշների խստագույն պահպանմամբ։