Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026 20:53
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու նոր հնարավորությունների ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր։

 

Արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման համատեքստում կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու գործընթացի դյուրացումը։ Գևորգ Պապոյանն առաջարկել է ձևավորել գործնական կապի մեխանիզմ ԱՄԷ համապատասխան մարմինների հետ, ինչը հայկական ընկերություններին հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել շուկայի պահանջները, գործող ստանդարտներն ու սերտիֆիկացման ընթացակարգերը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է նաև կազմակերպել ԱՄԷ գործարարների այցեր Հայաստան՝ արտադրական հնարավորություններին ծանոթանալու, B2B հանդիպումներ անցկացնելու և փորձնական մատակարարումներից դեպի երկարաժամկետ պայմանագրերի անցնելու նպատակով։

 

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 72,1 տոկոսով՝ կազմելով 356,5 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նվազել է 73,7 տոկոսով՝ կազմելով 325,4 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 29,4 տոկոսով՝ մինչեւ 31,1 մլն դոլար։