Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026 10:37
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Իրաքյան Քրդստանը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանն ու Իրաքյան Քրդստանը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

ԱրմԻնֆո.  Իրաքյան Քրդստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները, Հայաստանից Իրաք, այդ թվում՝ Իրաքյան Քրդստան արտահանմանը աջակցելու հարցերը Էրբիլում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը և Իրաքյան Քրդստանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Սափին Դիզային։

Ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են նաև կողմերի միջև շփումների ակտիվացումը և մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների ու կրթության ոլորտներում համագործակցության խորացումը։  Էրբիլ կատարած այցի շրջանակում Լևոն Պետրոսյանը հանդիպումներ է անցկացրել նաև Իրաքյան Քրդստանի վարչապետի տեղակալի՝ արտաքին գործերի հարցերով խորհրդական և վարչապետի տեղակալի գրասենյակի դիվանագիտական հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Փեշավա Մուհամմադի, Իրաքյան Քրդստանի վարչապետի՝ արտաքին գործերի հարցերով ավագ խորհրդական Բայան Սամի Աբդուլ Ռահմանի և Իրաքյան Քրդստանի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Սարվար Քամալ Խավարիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական օրակարգի ընդլայնմանը և համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր։