Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026 15:28
Ալեքսանդր Ավանեսով

Կիբեռանվտանգության ոլորտում կայուն կարողությունների ձևավորումն առանցքային նախապայման է Հայաստանի թվային փոխակերպման համար. փոխնախարար

Կիբեռանվտանգության ոլորտում կայուն կարողությունների ձևավորումն առանցքային նախապայման է Հայաստանի թվային փոխակերպման համար. փոխնախարար

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն դոկտոր Սոնյա Կուրցի գլխավորած պատվիրակությանը և ԵՄ պատվիրակության ծրագրերի պատասխանատու Իվան Սուսներին:

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ներկայացվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակմամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի նպատակները, հիմնական ուղղություններն ու ընթացիկ աշխատանքները:

 

Կողմերը քննարկել են ծրագրի գործունեությունը ՀՀ կառավարության և նախարարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու, ոլորտի ընթացիկ կարիքներն ու մարտահրավերները հասցեագրելու, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները։ 

 

Անդրադառնալով կիբեռանվտանգության համակարգի զարգացմանը՝ կարևորվել են ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, ոլորտային քաղաքականության և կարգավորումների կատարելագործումը, տեխնիկական հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը։ 

 

Ընդգծվել է, որ կիբեռանվտանգության ոլորտում կայուն կարողությունների ձևավորումը առանցքային նախապայման է Հայաստանի թվային փոխակերպման, թվային ծառայությունների նկատմամբ վստահության ամրապնդման և եվրոպական թվային ու կիբեռանվտանգության միջավայրին երկրի առավել սերտ ինտեգրման համար։ 

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են նախարարության, եվրոպական գործընկերների և GIZ-ի միջև շարունակական համակարգման կարևորությունը՝ ծրագրային աջակցությունն առավել արդյունավետորեն Հայաստանի ընթացիկ կարիքներին և առաջնահերթություններին ծառայեցնելու նպատակով: