Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026 15:38
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու Իրանը ստորագրել են արձանագրություն պարզեցված մաքսային միջանցք ստեղծելու մասին

Հայաստանն ու Իրանը ստորագրել են արձանագրություն պարզեցված մաքսային միջանցք ստեղծելու մասին

ԱրմԻնֆո.  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է  Իրանի Իսլամական Հանրապետությունում։

 

Պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ։

 

Հանդիպմանն երկու ընդգծվել են վերջին շրջանում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և կարևորել տարբեր հարցերի շուրջ առաջիկայում առավել սերտ համագործակցելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանն ուղղված երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորելով նախնական տվյալների կանոնավոր փոխանակումը՝ որպես փոխադարձ առևտրի դյուրացման և անվտանգության ապահովման կաևոր գործիք՝ կողմերը նախանշել են համակարգի հնարավորինս վաղ գործարկման համար անհրաժեշտ քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև կողմերի միջև լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանն ուղղված աշխատանքներին ու վերջնական պայմանավորվածության հասնելու քայլերին։ Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Քննարկվել են նաև սահմանային թողունակության ծավալների մշտադիտարկման և այդ ծավալների բարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրման հարցեր։

 

Այցի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Նորդուզի անցման կետում, որտեղ ներկայացվել է ԻԻՀ  ձեռքբերումները՝ մաքսային համակարգի թվայնացման շրջանակում։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Հայաստանն այսօր վճռականորեն շարժվում է տարածաշրջանային զարգացման, կայունության և փոխկապակցվածության ընդլայնման ճանապարհով։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու և համատեղ բարգավաճման հասնելու լավագույն ուղին փոխադարձ վստահության վրա հիմնված ջանքերի համատեղումն է։ «Այս համատեքստում կարևոր է նաև երկու երկրների՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը։ Այս փոխադարձ զարգացումն ու սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն երկկողմ տնտեսական աճի և տարածաշրջանային կայուն զարգացման համար»,–նշել է Էդուարդ Հակոբյանը։

 

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման («Պարզեցված մաքսային միջանցք») մասին արձանագրությունը, որի  հիմնական նպատակն արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է և մաքսային հսկողության և ձևակերպումների հետ կապված ընթացակարգերի արագացումը։ Կողմերը ստորագրել են նաև հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին արձանագրություն։