Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026 16:27
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում ձևավորվում է պետական ակտիվների կառավարման նոր մոդել

Հայաստանում ձևավորվում է պետական ակտիվների կառավարման նոր մոդել

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր:

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը մանրամասներ է ներկայացրել պետական ակտիվների թվայնացման, կառավարման և կարգավորման նոր մոտեցումների ներդրման, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել պետական ակտիվների կառավարման կազմակերպական կառուցվածքին ևս:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, քննարկման առարկա են եղել պետական ակտիվների նպատակային, արդյունավետ և թափանցիկ օգտագործմանն ուղղված քայլերը: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ վերոնշյալ թեմայի շուրջ:

 

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի ձևավորումը, որն ուղղված կլինի ակտիվների հստակ հաշվառմանը, ընթացիկ գնահատմանը, բյուջեի համար կայուն եկամուտների ապահովմանը և երկրի տնտեսական զարգացմանն աջակցելուն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները մոդելի ձևավորման ուղղությամբ։