
Արմինֆո. 2026 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը:
ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն, «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ: Դարձերեսին՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը (ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան, 1950 թ.), ոճավորված եռագույնը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» մակագրությունը և «Մեր հայրենիք» ՀՀ օրհներգի տողերից՝ «...Թող միշտ պանծա Հայաստան» (տեքստը՝ Մ. Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բ. Կանաչյանի): Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Հուշադրամի տեխնիկական չափանիշներն են․ անվանական արժեքը՝ 5000 դրամ; մետաղը/հարգը՝ արծաթ 925; քաշը՝ 168,1 գ; տրամագիծը՝ 63,0 մմ; որակը՝ պրուֆ; դրամաշուրթը՝ հարթ/համարակալված; թողարկման քանակը՝ 300 հատ; թողարկման տարեթիվը՝ 2026-09-14։
«1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:
1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային 0արժույթը՝ դրամը: Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը:
Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրախորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և այլ միջազգային կազմակերպությունների անդամ է», - ասվում է ԿԲ հաղորդագրությունում։