Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026 16:17
Ալեքսանդր Ավանեսով

Խաղային ավտոմատների օգտագործմամբ խաղերի կազմակերպման համար պահանջվելու է համապատասխան լիցենզիա ․ ՊԵԿ

Խաղային ավտոմատների օգտագործմամբ խաղերի կազմակերպման համար պահանջվելու է համապատասխան լիցենզիա ․ ՊԵԿ

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն, շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղը (ծրագրավորված և (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղը), որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի և (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ։ Նշված իրավակարգավորման շրջանակում շահումով խաղ է համարվում նաև «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով կազմակերպվող խաղը։

 

«Միաժամանակ, տեղեկացնում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է՝ 2027 թվականի փետրվարի 8-ից «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով իրականացվող խաղերը կազմակերպել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության և օրենքի պահանջների պահպանմամբ», - ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։