Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026 19:47
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի դեսպանն Իրանի երկաթուղային ընկերության ղեկավարի հետ քննարկել է TRIPP նախագիծը

Հայաստանի դեսպանն Իրանի երկաթուղային ընկերության ղեկավարի հետ քննարկել է TRIPP նախագիծը

Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղային ընկերության գլխավոր տնօրեն Ջեբերալի Զաքերիի հետ:

 

Իրանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները:

 

Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քննարկվող մոտեցումները՝ ընդգծելով Հայաստանի տարածքով հաղորդակցությունների զարգացման, տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացման և տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին: ՀՀ դեսպանը ներկայացրել է այդ ծրագրի հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության խթանման համատեքստում դրա նախատեսվող մեխանիզմները: