
ԱրմԻնֆո. Հայաստանը մասնակցում է միջազգային զբոսաշրջային IFTM Top Resa 2026 ցուցահանդեսին, որը սեպտեմբերի 15-ին մեկնարկել է Փարիզում։
Առաջիկա երեք օրերի ընթացքում Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի որպես գրավիչ և մրցունակ զբոսաշրջային ուղղություն՝ ներկայացնելով նրա հարուստ մշակութային ժառանգությունը, ազգային խոհանոցը և զբոսաշրջային բազմազան հնարավորությունները։
Ցուցահանդեսը կարևոր հարթակ է միջազգային զբոսաշրջային գործընկերների հետ համագործակցությունն ամրապնդելու և Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացնելու համար։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2026 թ. առաջին կիսամյակում Հայաստան է այցելել Ֆրանսիայից 13 709 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 8,7%-ով։
IFTM Top Resa-ն միջազգային մասնագիտական զբոսաշրջային ցուցահանդես է, որն ամեն տարի անցկացվում է Փարիզում և Ֆրանսիայի զբոսաշրջային ոլորտի առանցքային B2B-հարթակներից մեկն է։ Ցուցահանդեսի պատմությունը սկսվում է 1979 թվականից, իսկ 2008 թվականից այն Փարիզում անցկացվում է IFTM Top Resa անվամբ և ներառում է հանգստի, գործարար, խմբային և MICE-զբոսաշրջության հատվածները։ 2026 թվականին ցուցահանդեսն անցկացվում է սեպտեմբերի 15-17-ը՝ Paris Porte de Versailles ցուցահանդեսային կենտրոնում։ 2025 թվականին դրան մասնակցել է ավելի քան 32 հազար մասնագետ, 1 650 ապրանքանիշ և 177 զբոսաշրջային ուղղություն։