
ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը 1, 110 մլրդ դրամ կհատկացնի համայնքների սուբսիդավորման ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։
Սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ առաջարկվում է համաֆինանսավորել 19 համայնքներում իրականացվող 25 ծրագրեր, այդ թվում՝ 3-ը՝ Արագածոտնի մարզում, 2-ը՝ Արարատի, 9-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի մարզերում։ Նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Նախարարը նաև նշեց, որ ներկայացված ծրագրերը հաշվի առնելով՝ 2026 թվականի համար ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի մի փոքր ավելի քան 12 մլրդ դրամ։