
ԱրմԻնֆո. Հայաստանում նախատեսվում է ստեղծել հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և քաղաքական կուսակցություններին ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտահարկի հաշվին անհատույց վճարումներ կատարելու մեխանիզմներ։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխություններին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայում Հայաստանում գործում է եկամուտների հայտարարագրման համակարգ, որի շրջանակում քաղաքացիներն ամեն տարի ներկայացնում են իրենց եկամուտների հայտարարագրերը՝ այդպիսով հնարավորություն ստանալով սոցիալական կրեդիտների հաշվին եկամտահարկի տեսքով հետ ստանալ առողջապահական և կրթական ծառայությունների համար ծախսված միջոցների մի մասը։ Հասարակական կազմակերպությունների, իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) և մեդիա գործունեությամբ զբաղվող քաղաքական կուսակցությունների կայուն ու շարունակական գործունեությունը մեծ նշանակություն ունի անկախ կուսակցությունների և քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև խոսքի ազատության և անաչառության տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ չեն ձևավորվել ֆիզիկական անձանց կողմից հասարակական կազմակերպություններին, մեդիա գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) և քաղաքական կուսակցություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու ինստիտուցիոնալ կառույցներ։
Նախագծով առաջարկվում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրվող սոցիալական ծախսերի շրջանակը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսերի շարքին են դասվում նաև ֆիզիկական անձի կողմից հասարակական կազմակերպություններին, մեդիա գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ քաղաքական կուսակցություններին անհատույց փոխանցվող միջոցները։ Բացի այդ, առաջարկվում է նախատեսել, որ կառավարությունը սահմանելու է սոցիալական ծախսերի առավելագույն չափերը, հասարակական կազմակերպությունների, մեդիա գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (բացառությամբ ձեռնարկատերերի) և քաղաքական կուսակցությունների գործունեության ոլորտը, դրանց ներկայացման չափանիշները, հարկային մարմնին նրանց կողմից տրամադրվող տեղեկատվության ցանկը, ինչպես նաև տեղեկատվության ներկայացման և հրապարակման կարգը։ Այդ նպատակով ստեղծվելու են այդ կազմակերպությունների ցանկերը, որոնք հրապարակվելու են հարկային մարմնի կողմից։ Եկամուտների հայտարարագրեր ներկայացրած ֆիզիկական անձինք էլեկտրոնային եղանակով պետք է ընտրեն իրենց համար կազմակերպությունները՝ նշելով տվյալ կազմակերպությանը հատկացվող գումարի չափը, որը պետական մարմինը փոխանցելու է հասցեատիրոջը։
Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշեց ներկայացված օրինագծի ընձեռած առավելությունները հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և անհատ ձեռնարկատերերի համար։ Սակայն դրա համար շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիներն ավելի ակտիվ մասնակցեն եկամուտների հայտարարագրման գործընթացին։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը այս առնչությամբ նշեց, որ ներկայացված նախաձեռնության հիմքում պետք է դրված լինի բարեվարքության գաղափարը, որպեսզի հասարակական կազմակերպություններն ամեն տարի ներկայացնեն իրենց ֆինանսական հաշվետվությունները, իսկ զանգվածային լրատվության միջոցները խուսափեն կեղծիքներից։ Ներկայում, շարունակեց նախարարը, վարչապետի աշխատակազմում արդեն գտնվում է ԶԼՄ-ների ինքնակարգավորման մասին օրենքների փաթեթի նախագիծը, որը մոտ ապագայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։ Փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է սահմանել ԶԼՄ-ների բարեվարքության հնարավոր միավորները։