
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկին՝ Աբհիջիթ Բաներջիին։
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը ողջունել է Բաներջիի այցը Հայաստան և ընդգծել քաղաքականության մշակման, ծրագրերի ազդեցության գնահատման և այլ ուղղություններով համագործակցության կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Աբհիջիթ Բաներջիի միջև ակտիվ երկխոսության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Աբհիջիթ Բաներջին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցությունը հայ գործընկերների հետ՝ բարեփոխումների առավել արդյունավետ առաջխաղացման նպատակով։ Տեղի է ունեցել նաև կարծիքների փոխանակում հետագա համագործակցության հարցերի շուրջ։