
ԱրմԻնֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նովայիսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Երևանում ընթացող բժշկական զբոսաշրջությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները, միջազգային շուկաներում երկրի զբոսաշրջային ներուժի ներկայացման բարելավման ուղղությունները, ոլորտի զարգացման ռազմավարությունները և տվյալների վերլուծությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել բժշկական զբոսաշրջության զարգացման հնարավորություններին։ Զրուցակիցներն ընդգծել են առողջապահության և զբոսաշրջության ոլորտների միջև համագործակցության կարևորությունը՝ Հայաստանը միջազգային շուկայում որպես բժշկական զբոսաշրջության գրավիչ ուղղություն դիրքավորելու և ոլորտի զարգացման ներուժն արդյունավետ օգտագործելու նպատակով։
Շեյխա Նասեր Ալ-Նովայիսը հայտնել է, որ Հայաստանին կառաջարկվի 100 կրթաթոշակ՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության առցանց ակադեմիայի դասընթացներին մասնակցելու համար՝ ոլորտի մասնագետների գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով։
Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ, ինչը 1,7%-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։