
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը Կառավարության և այլ գործընկերների հետ միասին ձեռնամուխ է լինում «Ապացույցներից դեպի քաղաքականություն» (Evidence-to-Policy Lab) լաբորատորիայի ստեղծմանը։ Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ «Ապացույցներից դեպի քաղաքականություն․ փորձարկման մշակույթի ձևավորում» (From Evidence to Policy: Building a Culture of Experimentation) թեմայով սեմինարի ընթացքում։
Նա պարզաբանել է, որ այս լաբորատորիան պետական հաստատություններին հարթակ կտրամադրի՝ քաղաքականության մշակման մեկնարկային փուլից հետազոտողների հետ փոխգործակցելու համար։ «Լաբորատորիան որոշումներ կայացնողներին կօգնի հասկանալ առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերը․ ի՞նչ խնդիրներ են լուծվում։ Ո՞րն է այս քաղաքականության ենթադրյալ աշխատանքի մեխանիզմը։ Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ։ Հնարավո՞ր է լուծումը փորձարկել նախքան դրա մասշտաբավորումը։ Ինչպե՞ս պետք է ստացված արդյունքներն ազդեն քաղաքականության վրա։ Հենց այս բացն ենք ցանկանում լրացնել։ Մեր գլխավոր նպատակը մեկուսացված հետազոտական ստորաբաժանում ստեղծելը չէ, որը հաշվետվություններ է պատրաստում՝ բուն քաղաքականությունից անջատ։ Ընդհակառակը, մենք ձգտում ենք ստեղծել աշխատանքային հարթակ, որտեղ հատվում են քաղաքականությունը, հետազոտություններն ու տվյալները», - հավելել է Գալստյանը։
Նա հույս է հայտնել, որ նախագիծը շուտով կմեկնարկի՝ տեղեկացնելով որոշումների կայացումից կոնկրետ գործողությունների անցման վերաբերյալ քննարկումների նախաձեռնման մասին։ Այս համատեքստում Գալստյանը նշել է, որ աշխատանքի ձևաչափի մասով դեռ պետք է մի շարք որոշումներ ընդունվեն․ «Սակայն լաբորատորիայի ստեղծման մեր մոտեցումը հիմնված է այն սկզբունքների վրա, որոնք մենք այսօր քննարկում ենք՝ արդեն առկա ներուժի օգտագործում, առաջին նախագծերից դասերի քաղում և փորձի ու տվյալների կուտակմանը զուգընթաց մոդելի ճշգրտում»։
«Այս նախաձեռնությունը կօգնի իրագործել ավելի լայնածավալ նպատակ՝ ապահովել, որպեսզի քաղաքականության այս կամ այն միջոցի մասշտաբավորումից առաջ ապացույցների պահանջը և ստացված արդյունքների համակարգային վերլուծությունը դառնան պետական որոշումների կայացման գործընթացի անբաժանելի ու պարտադիր տարրերը», - համոզմունք է հայտնել ԿԲ ղեկավարը։
Գալստյանի գնահատմամբ՝ փաստացի տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակման այս մոտեցումը թույլ կտա մշակել քաղաքացիների բարեկեցության երկարաժամկետ բարձրացմանն ուղղված ավելի հիմնավորված, արդյունավետ և համակարգային միջոցառումներ։
Նշենք, որ «From Evidence to Policy: Building a Culture of Experimentation» սեմինարը, որը կազմակերպվել է Հայաստանի Կենտրոնական բանկի և J-PAL Europe-ի համատեղ ջանքերով, անցկացվում է Հայաստանի առողջարանային քաղաք Դիլիջանում, և դրան մասնակցել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկը՝ Աբհիջիթ Բաներջին (Abhijit Vinayak Banerjee)։ Սեմինարը նվիրված է փաստերի և գիտական հետազոտությունների վրա հիմնված քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։ Քննարկումների շրջանակում կներկայացվի նաև Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և Ուզբեկստանի փորձը, որտեղ փաստերի վրա հիմնված մեթոդներն ու փորձարարական մոտեցումները կիրառվել են պետական քաղաքականության մշակման և գնահատման գործընթացներում։ Միջազգային փորձի ներկայացումը հնարավորություն կտա քննարկել, թե նման մեխանիզմներն ինչպես կարող են կիրառվել Հայաստանի պայմաններում։