
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման, երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացման և նոր ուղղությունների ձևավորման հնարավորությունները։
Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջազգային ուղևորափոխադրումների ակտիվացման և երկրի հասանելիության բարելավման ուղղությամբ։ Զուգահեռաբար ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ անդրադարձ է կատարվել գյուղական զբոսաշրջությանը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է Մոնտենեգրոյի փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորությունը։
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով համագործակցության զարգացման և նոր հնարավորությունների ձևավորման հեռանկարներին։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2026թ. հունվար-հունիս ամիսներին Չեռնոգորիայից Հայաստան է այցելել 99 զբոսաշրջիկ, ինչը 29,3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։