Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026 16:58
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կերկարաձգվի սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը

Հայաստանում կերկարաձգվի սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը

Արմինֆո ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել "Սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգելու մասին" կառավարության որոշման նախագիծը:

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արգելքը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից և կտևի վեց ամիս: Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պարենային անվտանգության ապահովման, Սևանա լճի կենդանի ռեսուրսների կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանման պահանջներով: Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության կարգավորման գործընթացի արդյունքում նկատվում է սիգի կայուն կենսազանգված (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին ՝ 2345 տոննա, 2021 թվականին ՝ 5348 տոննա, 2022 թվականին ՝ 4700 տոննա, 2023 թվականին ՝ 3974 տոննա, 2024 թվականին ՝ 1293 տոննա, 2025 թվականին ՝ 3591,8 տոննա), ինչը թույլ է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրացումը (300 տոննա՝ 2020 թվականին, 300 տոննա՝ 2021 թվականին, 600 տոննա՝ 2022 թվականին, 600 տոննա՝ 2023 թվականին, 679 տոննա՝ 2024 թվականին, 1123 տոննա՝ 2025 թվականին): Սակայն, սիգի կենսազանգվածի աճի միտումը վերջին տարիներին դեռևս չի ապահովում բնական աճ և լճում վայրի ձկնատեսակների օպտիմալ քանակ (ըստ որոշ գիտական տվյալների ՝ ընդհանուր պաշարները կազմում են մինչև 10,000 տոննա, արդյունաբերական որսը ՝ մոտ 2000 տոննա և ավելի):

 

Սևանա լճում սիգի արդյունաբերական կայուն որսի ապահովման կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը: Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, սիգի բնական վերարտադրությունն ապահովելու դեպքում պահպանվում է կայուն արդյունաբերական ծավալ։ Սևանա լճում սիգի բնական վերարտադրությունն ապահովելու և որսագողությունը կանխելու նպատակով յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է խիստ միջոցառումների համալիր ծրագիր: Միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխելու, ինչպես նաև բարձր մարդածին ազդեցության և կենսաբանական ռեսուրսների նկատմամբ սպառողների վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխելու և բարձր արդյունաբերական արժեք ունեցող ձկնատեսակի պահպանումն ու բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով սույն իրավական ակտով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 2-ից  վեց ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել: