Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026 18:30

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ

Արմինֆո. Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում։

Համագործակցության շրջանակում Ակբա բանկը միացել է «Հայկական Ծրագրերի» ՀԾ-կորպորատիվ բանկ ամպային հարթակին՝ բիզնեսին հնարավորություն տալով ֆինանսական գործարքներն իրականացնել անմիջապես հաշվապահական ծրագրից։

Նոր լուծումը նախատեսված է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ու կորպորատիվ հաճախորդների համար՝ ֆինանսական գործառնությունները դարձնելով ավելի արագ, պարզ և արդյունավետ։ Համակարգի միջոցով բանկային գործարքները, վճարումները և քաղվածքների հետ աշխատանքը հնարավոր է իրականացնել անմիջապես հաշվապահական համակարգից՝ առանց տարբեր համակարգերի միջև ավելորդ անցումների։

Տեխնոլոգիական լուծումը բիզնեսին ազատում է ամենօրյա կրկնվող և տեխնիկական գործողություններից՝ նվազեցնելով ֆինանսական վարչարարության ծավալը և խնայելով ժամանակ։ Այլևս անհրաժեշտ չէ ֆայլեր արտահանել կամ ներբեռնել, ինչպես նաև նույն տվյալները կրկնակի մուտքագրել։ Ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացվում է մեկ միասնական հարթակում՝ ապահովելով գործընթացների արագություն և տվյալների ճշգրտություն։

«Մենք նոր լուծումներով փորձում ենք հեշտացնել մեր հաճախորդների կյանքը։ Կոնկրետ այս համագործակցությունը հիմնականում ուղղված է փոքր և միջին ձեռնարկություններին ու կորպորատիվ հաճախորդներին, և կարծում եմ, որ առաջարկվող լուծումները հարմարավետ և արդյունավետ կլինեն նրանց համար»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկը առաջիններից էր, որ ընդունեց մեր առաջարկած լուծումները, ինչը շատ մեծ գնահատական էր մեզ համար։ Համակարգը մենք անվանեցինք ՀԾ-կորպորատիվ բանկ, որի միջոցով անհրաժեշտ բոլոր տվյալները մեկ հպումով փոխանցվում են անմիջապես բանկ։ Էական է նշել, որ հաշվապահական համակարգից է տվյալը փոխանցվում, ոչ թե համակարգչից։ Նույնը գործում է հակառակ ուղղությամբ»,- նշում է «Հայկական Ծրագրեր» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Խաչատրյանը։

«Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բիզնեսները կկարողանան իրականացնել իրենց առօրյա ֆինանսական, բանկային գործառնությունները` առանց համակարգերի միջև անցումներ կատարելու։ Արդյունքում նրանք կխնայեն էական ժամանակ և այն կտրամադրեն իրենց բիզնեսի զարգացմանը»,- նշում է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

Ակբա բանկը շարունակելու է ներդնել նորարարական գործիքներ՝ Հայաստանում բիզնեսի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։