
ԱրմԻնֆո. Հայաստանը, գտնվելով Եվրոպան, Մերձավոր Արևելքն ու Կենտրոնական Ասիան կապող ուղիների խաչմերուկում, ունի կարևոր աշխարհագրական դիրք և զգալի ներուժ՝ դառնալու Չինաստանը Եվրոպային կապող տարածաշրջանային տարանցիկ և լոգիստիկ կենտրոն։ Այս մասին Չինաստանում անցկացվող «Կայուն տրանսպորտի գլոբալ ֆորում 2026»-ում և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպմանն իր ելույթում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Նախարարի տեղակալի խոսքով, որի խոսքերը մեջբերում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը, Հայաստանը շահագրգռված է Հայաստանի ավտոմոբիլային և երկաթուղային ցանցը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ավելի լայն տարածաշրջանային և միջտարածաշրջանային նախագծերին, այդ թվում՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքին ինտեգրելու հարցում։ Ղալեչյանը հավելել է, որ այս տեսլականն ամրապնդվում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և պետությունների հավասարության սկզբունքների վրա հիմնված բաց, անվտանգ և արդյունավետ հաղորդակցական միջավայրի ստեղծմանը։
Նախարարի տեղակալը նաև նշել է, որ «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչներից է TRIPP երթուղին, որի իրականացումը կարող է նպաստել տարածաշրջանային երկաթուղային ցանցի վերամիավորմանը, միջազգային բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը և միջազգային տարանցիկ երթուղիներում Հայաստանի առավել ակտիվ մասնակցությանը։
Քրիստինե Ղալեչյանը վստահություն է հայտնել, որ բաց համագործակցության և ընդհանուր շահերի վրա հիմնված նախաձեռնությունները կարող են նշանակալի ներդրում ունենալ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի արդյունավետության բարձրացման գործում, և Հայաստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ ավելի փոխկապակցված, արդյունավետ և կայուն տարածաշրջանային տրանսպորտային համակարգ ձևավորելու համար։
Նշենք, որ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (ՏՄՏԵ, կամ Միջին միջանցք) Չինաստանից Եվրոպա տանող առևտրային ուղի է, որն անցնում է Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Երթուղին սկսվում է Չինաստանում, անցնում է Ղազախստանով, Կասպից ծովի ջրային տարածքով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետև՝ Թուրքիայով և Եվրոպայի պետություններով։ Երթուղու երկարությունը կկազմի մոտ 6 հազ. կիլոմետր (ներառյալ Կասպից ծովով անցնող 700-800 կմ ծովային հատվածը)։ Եվրոպական միությունը նախատեսում է Global Gateway ռազմավարության շրջանակում մինչև 12 միլիարդ եվրո հատկացնել այս միջանցքի զարգացմանը, առևտրի ծավալները եռապատկելուն և մինչև 2030 թվականը առաքման ժամկետները կրճատելուն։