
ԱրմԻնֆո. Հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ դուրս գալու հեռանկարները նախևառաջ կախված են դրա մրցունակությունից և որակի պահանջներին համապատասխանությունից։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը։
Նախարարի խոսքով՝ հենց արտաքին շուկաներում հայկական արտադրողների մրցակցելու կարողությունն ու թողարկվող արտադրանքի որակը կորոշեն դրա՝ Եվրոպայում առաջմղման հնարավորությունը։ Նա նաև հաջողություններ է մաղթել Հայաստանին այս ուղղությամբ։
Նշենք, որ, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵՄ երկրների հետ 2025 թվականի ընթացքում աճել է 7,2%-ով՝ կազմելով $2.5 մլրդ (կամ առևտրի ընդհանուր ծավալի 11,7%-ը)։ Արտահանման մատակարարումներն ավելացել են 9%-ով՝ հասնելով $666.8 մլն-ի՝ ներմուծման 6,5% աճի ֆոնին՝ մինչև $1.8 մլրդ։
2026 թվականի հունվար-հուլիսին ԵՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն ավելացել է 57,2%-ով՝ կազմելով $2.2 մլրդ։ Միաժամանակ արտահանումն աճել է 70,7%-ով՝ հասնելով $591,6 մլն-ի՝ ներմուծման 52,7% աճի ֆոնին՝ մինչև $1.6 մլրդ։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջից սկսած՝ Ռուսաստանի լիազոր մարմինները՝ Ռոսպոտրեբնադզորը և Ռոսսելխոզնադզորը, աստիճանաբար սահմանափակումներ են մտցրել Հայաստանից Ռուսաստան և ԵԱՏՄ երկրների շուկա թարմ գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների, ձկան, ձկնամթերքի, ինչպես նաև կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ։ Ընդ որում, այդ ապրանքախմբերի արտահանման ծավալների շուրջ 80-90%-ը Հայաստանը ավանդաբար ուղղում էր ՌԴ։ Հայ արտադրողների և արտահանողների հայտնված բարդ իրավիճակի կապակցությամբ կառավարությունը մշակում է աջակցության ծրագրեր՝ դեպի ԵՄ և այլ երկրներ արտահանումը խթանելու համար։ Մասնավորապես, խոսքը նոր շուկաներ դուրս գալու համար տրանսպորտային ծախսերի և մաքսատուրքերի փոխհատուցման մասին է։
Այսպիսով, Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրում 2026թ. հունվար-հուլիսին պատկերը հետևյալն է եղել․ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 20,5%-ով՝ հասնելով $3.1 մլրդ-ի։ Արտահանումը կազմել է $1.4 մլրդ՝ տարեկան 8% անկմամբ, ներմուծումը՝ $1.7 մլն՝ տարեկան 28,8% անկմամբ։
ԵԱՏՄ երկրների հետ նույնպես միտումները լավատեսություն չեն ներշնչում։ Հաշվետու ժամանակահատվածում փոխադարձ առևտրի ծավալը կրճատվել է 18,4%-ով՝ կազմելով $3.3 մլրդ։ Միաժամանակ արտահանումը նվազել է 7,2%-ով՝ հասնելով $1.5 մլրդ-ի՝ ներմուծման 26,1% անկման ֆոնին՝ մինչև $1.8 մլրդ։