Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026 16:33
Ալինա Հովհաննիսյան

Հոկտեմբերի սկզբին Երևանում և Վանաձորում մեկնարկում է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը

Հոկտեմբերի սկզբին Երևանում և Վանաձորում մեկնարկում է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը

Արմինֆո. Հոկտեմբերի 2–4-ը Երևանում՝ Ինժեներական քաղաքում, և Վանաձորում՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, կանցկացվի «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026» (Armenia Engineering Week 2026) ամենամյա միջոցառումների շարքը։

 

Միջոցառումն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և Ինժեներական ասոցիացիայի համագործակցությամբ։

 

Ինչպես նշվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հաղորդագրությունում, այս տարվա միջոցառման խորագիրն է «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում» (Physical AI: Engineering Intelligence for the Real World)։ Այն նվիրված է արհեստական բանականության՝ թվային միջավայրից դեպի ֆիզիկական համակարգեր անցմանը և այդ ուղղությամբ նորարարական տեխնոլոգիական լուծումներին։

 

Միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի ճարտարագետների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, հետազոտողների և ուսանողների՝ քննարկելու ֆիզիկական ԱԲ-ի, ռոբոտատեխնիկայի, կիսահաղորդիչների, ավտոմոբիլային և օդատիեզերական ճարտարագիտության, խելացի արտադրության, կենսաբժշկության և կրթական տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները։

 

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը կարևոր հարթակ է Հայաստանի ինժեներական ներուժը միջազգային համայնքին ներկայացնելու, գիտության, կրթության, բիզնեսի և արդյունաբերության միջև կապերն ամրապնդելու, ինչպես նաև ֆիզիկական ԱԲ-ի ոլորտում նոր համագործակցություններ ձևավորելու և տեխնոլոգիական լուծումների զարգացման համար», - ասվում է հաղորդագրությունում։