Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026 15:35
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Շվեդիան քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանն ու Շվեդիան քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվուիսթին։

 

Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Շվեդիայի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը։ Նախարարը կարևորել է ֆիսկալ ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ոլորտներում SALAR International-ի հետ հաջող համագործակցության շարունակականությունը՝ տեղական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

 

Անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավորություններին։ Քննարկվել է նաև թափոնների կառավարման ծրագիրը, որի նպատակն է բարելավել ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ներդնել թափոնների տեսակավորման և արդյունավետ կառավարման նոր մոդելներ։

 

Անդրադարձ է կատարվել Շվեդիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին ջրային ռեսուրսների կառավարման, ջրային ենթակառուցվածքների թվայնացման, ջրի արդյունավետ օգտագործման և ոռոգման համակարգերի կառավարման, երկրաբանական կարողությունների զարգացման ուղղություններին: