Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026 16:02
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ԿԲ փոխնախագահ․ Բանկային ոլորտը ներդրումային հատվածում դեռեւս  չունի ձեւավորված մշակույթ

Հայաստանի ԿԲ փոխնախագահ․ Բանկային ոլորտը ներդրումային հատվածում դեռեւս  չունի ձեւավորված մշակույթ

Արմինֆո. Հայաստանի բանկային ոլորտը ներդրումային հատվածում դեռևս չունի ձևավորված մշակույթ՝ ոչ մասնավոր հաճախորդների, ոչ էլ խոշոր ներդրողների համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ Հայաստանում երկրորդ ներդրումային-ֆինանսական համաժողովի շրջանակներում «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետությունում» թեմային նվիրված պանելային քննարկման ժամանակ:

 

Այս համատեքստում նա նշել է, որ շուկային անհրաժեշտ են ֆինանսական միջնորդներ, որոնք պատրաստ են ակտիվորեն առաջ մղել այդ հնարավորությունները ։ "Մեր խնդիրը ոչ թե ֆինանսական միջոցների եւ հիմնադրամների պակասն է, այլ՝ ոչ բավարար շահագրգռվածությունը", - նշել է ԿԲ նախագահի տեղակալը:

 

Նուրբեկյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման մակարդակը բավականաչափ բարձր չէ, սակայն արդեն զգալի աճ է նկատվում մանրածախ ներդրումների առումով: "Մենք տեսնում ենք ներուժ, և մարդիկ պետք է հասկանան, որ երբ խոսքը վերաբերում է նորարարությանը, այստեղ կա նաեւ ռիսկ։ Ոմանք կապիտալի շուկան դիտարկում են որպես անվտանգ, ինչպես բանկային ակտիվները, ինչի առնչությամբ ուզում եմ առանձին ընդգծել, որ ռիսկերն այս ամենի անբաժանելի մասն են կազմում", - նշել է նա։

 

Խոսելով ներդրողների կողմից վստահության մասին կամ՝ գլոբալ մակարդակում, Նուրբեկյանը նկատել է, որ Հայաստանը համեմատական առումով գտնվում է վստահության գագաթնակետին: "Այսինքն, եթե 5 տարի առաջ տեղական ներդրումները կազմում էին 0 տոկոս, այժմ հասել են 16 տոկոսի։ Այստեղ խոսքը խոշոր ներդրումային խաղացողների մասին է։ Եվ հիմա շատ կարևոր է, որ մենք շարունակենք ամրապնդել այդ վստահությունը", - հավելել է նա։

 

Միաժամանակ, Նուրբեկյանը կարևորել է ենթակառուցվածքի շարունակական զարգացումը։ Այս համատեքստում նա նշել է, որ տնտեսությունը պետք է ձեւավորվի ոչ միայն բանկային վարկավորման հաշվին, այլ անհրաժեշտ է լիարժեք ֆինանսական եւ տնտեսական ենթակառուցվածք: Նա նշել է, որ մարդիկ գալիս են Հայաստան և ներդրումներ են կատարում, հետևաբար, Հայաստանի ֆոնդային բորսան պետք է ավելի հասանելի դառնա տարբեր երկրների խաղացողների համար և շարունակաբար աճի: Այս առումով ԿԲ նախագահի տեղակալը պատմել է Աբու Դաբիի բորսայի հետ համագործակցության մասին, ինչը մեծ քայլ է ենթակառուցվածքի զարգացման համատեքստում: "Շատ ոլորտներ արդեն ակտիվանում են, մասնավորապես՝ կենսաթոշակային հիմնադրամները, եւ մենք տեսնում ենք, որ բորսայի նշանակությունը մեծանում է", - նշել է ԿԲ ղեկավարի տեղակալը:

 

Հարցին, թե ինչպես է ԿԲ-ը կառավարում ֆինանսական կայունությունը, ընդ որում, չխոչընդոտելով աճին, Նուրբեկյանը նշել է, որ նորարարությունները չպետք է կասեցվեն կարգավորիչ գործընթացների պատճառով, այլ, հակառակը,  պետք է շարժիչ ուժ դառնան: "Կարծում եմ, որ պետք է հետևել մասնավոր հատվածին, քանի որ նրանցից գալիս են նոր գաղափարներ և նորարարություններ։ Մասնավոր հատվածի մասշտաբային աճը առաջնահերթություն է։ Այժմ մենք ակտիվորեն առաջարկներ ենք ստանում մասնավոր հատվածից և պետք է ավելի շատ կենտրոնանանք նորարարությունների, քան կարգավորման վրա", - ընդգծել է նա։

 

Նշենք, որ 2026 թվականի համաժողովի ուշադրության կենտրոնում են Հայաստանի ներդրումային և ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործնական ուղղությունները, կապիտալի ներգրավման նոր հնարավորությունները, երկրի մրցակցային դիրքերի ամրապնդումը գլոբալ տնտեսական փոփոխությունների պայմաններում, ինչպես նաև միջազգային ֆինանսական համակարգում Հայաստանի դերի ընդլայնումը:

 

Գործարար ծրագիրը միավորում է լիագումար նստաշրջանը և պանելային քննարկումները՝ նվիրված կապիտալի շուկաների զարգացմանը, ներդրումային գործիքներին, ֆինանսական ինստիտուտների դերին, ֆինանսական հատվածի թվային փոխակերպմանը և մարդկային կապիտալի զարգացմանը:

 

Հայ և միջազգային փորձագետները կքննարկեն նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի հետագա ինտեգրման հնարավորությունները, միջազգային կապիտալի ներգրավման մեխանիզմները, երկրի ՝ որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի ներուժը և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը:

 

Համաժողովը համախմբել է ավելի քան 500 մասնակիցների, այդ թվում ՝ պետական, ֆինանսական և գործարար հատվածների, ինչպես նաև փորձագիտական հանրության ներկայացուցիչների: