Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026 15:32
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության  կողմից Հայաստանի համար վարկային գիծ բացելու մասին համաձայնագրի ստորագրմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության  կողմից Հայաստանի համար վարկային գիծ բացելու մասին համաձայնագրի ստորագրմանը

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, բյուջետային աջակցության այս ֆինանսավորումը ԶՖԳ-ի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից համաֆինանսավորվող նոր եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին ենթածրագիրն է, որը հանդիսանում է հանրային ֆինանսների կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման ուղղությամբ նախկինում իրականացված քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի շարունակությունը։

 

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացմանը նպաստող պատասխանատու հանրային ֆինանսների կառավարման ապահովումը, արտաքին ֆինանսավորումից ՀՀ կախվածության նվազեցումը՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդման և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման միջոցով։ Ծրագրի բարեփոխումների երեք հիմնական ուղղություններ են՝ հարկաբյուջետային կառավարման, հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների մատուցման բարելավում ազգային և ենթաազգային մակարդակներում, ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի, կապակցելիության և մասնավոր հատվածի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծում, կայուն ֆինանսավորման առաջմղում՝ պարտքի կառավարման բարելավման և ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացման միջոցով։