Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026 17:52
Մարիաննա Մկրտչյան

Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին երկաթուղային երկու հատվածների վերականգնման առնչությամբ

Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին երկաթուղային երկու հատվածների վերականգնման առնչությամբ

Արմինֆո.Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման առաջարկին, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

"Այսօր քննարկվել է նաև հայկական երկաթուղիների երկու փոքր հատվածների վերականգնման հարցը, որոնք գտնվում են Ռուսական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման ներքո։ Եվ մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ մենք աջակցում ենք այդ երկու հատվածների վերականգնմանը եւ պատրաստ ենք այստեղ մասնակցել եւ օգնել Հայաստանին հենց այն տեսանկյունից, որպեսզի ապահովվի տրանսպորտային կապ Երասխից մինչեւ Նախիջեւան եւ Գյումրիից մինչեւ Թուրքիայի հետ սահման", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Օվերչուկը։

 

Նա հիշեցրել է, որ այդ որոշումները երկրի նախագահի մակարդակով ընդունվել են դեռ հունվարին ։ "Եվ մենք այստեղ սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է տեղի ունենան շատ կարեւոր հանդիպումներ, որոնք այդ հարցն ավելի առաջ կմղեն", - նշել է նա, հավելելով, որ "գնդակն իրենց կողմում է"։

 

ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապակցվածության ամրապնդման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծերին:

 

Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, կոչ էր արել Ռուսաստանին ճկունություն ցուցաբերել և հայկական երկաթուղիների կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ կողմին: Նա նաև հայտարարել էր կոնցեսիան 400 միլիոն դոլարով գնելու առաջարկի մասին: Փաշինյանը ընդգծել էր, որ հայկական երկաթուղային ցանցի՝ Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման պայմաններում Հայաստանը կարող է կորցնել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Ռուսաստանին առաջարկել էր վաճառել երկաթուղիների կոնցեսիան փետրվարի 13-ին: Այն ժամանակ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը մրցակցային խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, և շատ միջազգային գործընկերներ ցանկանում են շրջանցել Հայաստանի տարածքը ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս: Այդ համատեքստում նա առաջարկել էր Ռուսաստանին դիտարկել կոնցեսիան երրորդ, բարեկամական երկրի վաճառելու հարցը: Որպես օրինակներ նա առաջարկել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն կամ Կատարը։

 

Ռուսաստանը Փաշինյանի հայտարարությունները անհիմն է համարել և հայտարարել, որ  մտադիր չէ վաճառել հայկական երկաթուղիների կոնցեսիան։

 

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ձեռնարկությունն է։ 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր, որով հանրապետության երկաթուղային տրանսպորտային համակարգը փոխանցվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կառավարմանը։ Պայմանագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ գործունեության առաջին քսան տարվանից հետո ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պարտականությունների մեջ են մտնում ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումը, Հայաստանի հարևան պետությունների հետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև ներքին և միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացումը։ Ընկերության կողմից կատարված ներդրումների չափը կազմում է 572 միլիոն դոլար։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունը սկսել է 2008 թվականի հունիսի 1-ին։