
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև երկրորդ տարեկան խորհրդակցությունների շրջանակում Հայաստանում գտնվող՝ ԶՖԳ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների զարգացման և այլ ոլորտներում ընթացիկ համագործակցությունը։
Փոխվարչապետը կաևորել է առողջապահական ապահովագրության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման ուղղություններով ՀՀ կառավարության և Գործակալության միջև ընթացող քննարկումները։
ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է ԶՖԳ նորանշանակ տարածաշրջանային տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով ՀՀ-ԶՖԳ արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ։
Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը՝ որպես բաց և կառուցողական երկխոսության միջոցով ընթացիկ համագործակցության խնդիրները վեր հանելու և հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու հնարավորություն։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության երկկողմ օրակարգի վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով ոռոգման ենթակառուցվածքների և գյուղատնտեսության, էներգետիկայի, կոշտ թափոնների կառավարման, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ընթացիկ համագործակցությանը և առաջիկա հնարավոր նախաձեռնություններին։
Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) հիմնադրվել է 1998 թվականին և հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության ֆինանսական մեխանիզմի երկկողմ զարգացման օպերատորը: Գտնվելով Ֆրանսիայի Արտաքին գործերի, Էկոնոմիկայի և ֆինանսների, Անդրծովյան տարածքների և ներքին գործերի նախարարությունների ենթակայության տակ՝ գործակալությունը առևտրաարդյունաբերական պետական հաստատություն է, և զարգացած երկրներում, և ֆրանսիական անդրծովյան տարածքներում պայքարում է աղքատության դեմ և նպաստում տնտեսական աճին: Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունը ԶՖԳ-ի հետ սկսվել է դեռևս 2012 թվականից: