Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026 18:16
Կարինա Մելիքյան

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-օգոստոսին արագացել է՝ 7,1 տոկոսից մինչև 7,3 տոկոս

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-օգոստոսին արագացել է՝ 7,1 տոկոսից մինչև 7,3 տոկոս

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-օգոստոսին արագացել է մինչև տարեկան 7,3%  (2025թ. նույն ժամանակահատվածի 7,1%-ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, կարողանալով անկումից դուրս գալ աճի, վերականգնվել է տնտեսական աճի դրայվերներից մեկի դիրքում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, ընդ որում, արտաքին առևտուրը երկնիշ անկումից հասել է աճի, որն ապահովվում է, հիմնականում, ներմուծման դինամիկայի աճով և, մասամբ, արտահանման անկման դանդաղմամբ։

 

Վիճակագրության համաձայն, 2026 թվականի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության աճի արագացումը բխել է արդյունաբության հատվածի տարեկան դինամիկայի բարելավումից՝ 7,8% անկումից մինչեւ 7,4% աճ, և շինարարության հատվածի արագացված աճից՝ 20,4%-ից մինչև 24,7%։ Պահպանվել է աճը նաև էներգահամալիրում՝ տեմպերի  7,1%-ից մինչեւ 8% արագացմամբ։ Մինչդեռ, ծավալով առաջատար առևտրի հատվածը շարունակում է կորցնել աճի տեմպերը՝ 3,9%-ից մինչև գրեթե լճացման 0,7%: Ընդ որում, ծավալով երկրորդ տեղը զբաղեցնող ծառայությունների ոլորտի աճն արագացել է 10,2%-ից մինչեւ 12,8%։

 

2026թ. հունվար-օգոստոսի վիճակագրական տվյալներով ՝ բացարձակ մեծությամբ առաջատարի դիրքը պահպանում է առևտրի հատվածը՝ 4.4 տրլն դրամ (11.8 մլրդ դոլար) ծավալով։ Երկրորդ տեղն զբաղեցնում է ծառայությունների ոլորտը՝ 3.03 տրիլիոն դրամ (8.1 մլրդ դոլար), երրորդը՝ արդյունաբերության հատվածը՝ 2.1 տրլն դրամ (5.6 մլրդ դոլար) ։ Չորրորդ տեղը, հաշվի առնելով այս ժամանակահատվածի զեկույցում ագրոհատվածի տվյալների բացակայությունը, զբաղեցնում է շինարարության հատվածը՝ 471.6 մլրդ դրամ (1.3 մլրդ դոլար)։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2026թ. հունվար-օգոստոսին կազմել է 7027 մլն կվտ/ժամ, որից միայն օգոստոսին՝ 949,1 մլն կվտ/ժամ։