
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլայթիին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը և օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը։
Նախարարը կարևորել է երկկողմ օդային կապերի ընդլայնումը։ Քննարկվել է նաև Կատարի փորձը ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններին։