
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է COP17-ի շրջանակներում Հայաստան ժամանած Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադ Միխայիլին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է գործընկերոջը և ընդգծել է, որ COP17-ը լավ հնարավորություն է Հայաստանի և Եգիպտոսի միջև գործնական համագործակցությունն ընդլայնելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ թափոնների կառավարման, վերականգնվող էներգետիկայի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում։
Դավիթ Խուդաթյանը ընդգծել է Եգիպտոսի փորձի ուսումնասիրման կարևորությունը թափոնների տեսակավորման, վերամշակման, շրջանաձև տնտեսության զարգացման և մասնավոր հատվածի ներգրավման ուղղություններով։
Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտում արձանագրված արդյունքները։